Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։