Մարդու իրավունքները՝ անկախության 25 տարիներին

2009-ին՝ Բելգիա տեղափոխվելուց հետո, ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի կյանքը բաժանվել է երկու մասի․ ասում է՝ իշխանությունների դեմ պայքարը Հայաստանից տեղափոխվել է Եվրոպա:

«Երբ դիմեցի Եվրոպական դատարան, ոչ ոք չէր հավատում, որ մինչև վերջ կգնամ, ամեն ինչ առաջարկեցին, որ հրաժարվեմ, չհրաժարվեցի, ու հիմա էլ հետ չեմ կանգնի հրաժարվելու համար», - պատմում է ակտիվիստը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է 31 հազար եվրո վճարեր ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ նրան պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար:

Հեռավոր Բելգիայից շարունակելով իր քաղաքական պայքարի պատմությունը՝ Վիրաբյանը վերհիշում է՝ զենք պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին էր հրավիրվել: Ասում է՝ մի քանի ոստիկան, այդ թվում Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ծեծի էին ենթարկել իրեն։ Մետաղյա իրով խփել էին, ապա ձեռնաշղթաներ հագցրել, և Կարապետյանը շարունակել նրան գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել, հաջորդ օրը ակտիվիստին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության են ենթարկել։

«Աշոտ Կարապետյանն անձնապես ինձ հետ խնդիր չի ունեցել, ոչ էլ ես իր հետ, ուղղակի իրենք ցույց են տվել իրենց անձնական նվիրվածությունը իշխանական կերակրատաշտին մոտ մնալու համար, իրենց կարիերայի համար», - ասում է Վիրաբյանը ու շեշտում՝ տարիներ անց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկատարեցին Եվրոպական դատարանի վճռում տեղ գտած պահանջը՝ բացահայտել նրան ծեծի ենթարկած բարձրաստիճան ոստիկաններին։ Փոխարենը՝ Վիրաբյանի մատնանշած ոստիկաններից Աշոտ Կարապետյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ 2013-ին նշանակվեց Երևանի ոստիկանապետ։ Եվ միայն մեկ ամիս առաջ Կարապետյանն ազատվեց աշխատանքից բոլորովին այլ գործի շրջանակներում։ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված Սասնա ծռեր զինված խմբի աջակիցների բողոքի ակցիաներից հետո ոստիկանապետի հրամանով նա ենթարկվեց կարգապահական տույժի և ազատվեց աշխատանքից։

Իրավապաշտպանները պնդում են, որ արդեն 25 տարի անկախ Հայաստանում մարդու իրավունքները շարունակվում են խախտվել՝ առավելապես ոստիկանական բաժանմունքներում, բանտերում։ Մինչդեռ իշխանությունները հակառակն են պնդում՝ հավաստիացնելով, թե անցած տարիներին կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ՝ նվազագույնի հասցնելով մարդու իրավունքների խախտումները։

Արդարադատության նախարարության տվյալներով, անցած 14 տարիների ընթացքում ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանը 68 վճիռ է կայացրել։ Դրանց արդյունքում Ստրասբուրգի դատարանում հաղթածներին Հայաստանի պետական բյուջեից փոխհատուցվել է ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն եվրո։

«Դատական սխալներ կան՝ ցանկացած երկրում դատական սխալներն անխուսափելի են», - ասում է արդարադատության նախարարության օրենսդրական վարչության պետ Բագրատ Ղազինյանը: Պաշտոնյան փաստում է՝ անկախ Հայաստանում արդարադատության ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, այլևս չկա Խորհրդային Հայաստանի այն դատական համակարգը, որը կախված էր իշխանություններից։

Չնայած կատարված բարեփոխումներին՝ տարիներ առաջ բանակում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի ու ընկերների հայտարարություններին կառավարությունում մինչ օրս ուշադրություն չեն դարձնում։ Պնդում են, որ ռազմական ոստիկանությունը իրենցից խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքներ է կորզել։ Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատշաճ քննություն չի կատարել՝ պարզելու, թե ովքեր են խոշտանգման միջոցով ցուցմունքներ կորզել զինվորներից։

«Խոշտանգումը նպատակ ուներ ցուցմունքներ կորզելու, բայց Ռազմիկն է ցուցմունք տվել միայն։ Քննչական խումբ է աշխատել, որի ղեկավարը եղել է Սամվելը Տոնոյան, Ջհանգիրյանը, դատավորներ են եղել, եթե պետությունը նորմալ քննություն կատարի, պետք է պատասխանատվության դաշտ բերի այն անձանց, ովքեր անօրինական գործողություններ են կատարել։ Մեկը թաքցրել է դա, մյուսը կատարել է, մեկը աչք է փակել, բայց իմ կարծիքով Բացի 50.000 եվրո փոխհատուցման հատկացումից, անցած ամիսներին կառավարությունը դեռևս այլ գործողություններ չի ձեռնարկել», - պատմում է Արայիկ Զալյանը։

Զինվորների մատնանշած պաշտոնյաներից Արմեն Հակոբյանն այժմ գլխավորում է Ճանապարհային ոստիկանությունը։

Արայիկ Զալյանը պատրաստվում է դիմել դատախազությանը՝ պահանջելով կատարել Եվրոպական դատարանի վճիռը։ Միևնույն ժամանակ, թերահավատ է, որ կառավարությունն ինքն իր դեմ որոշում կկայացնի։

Եվրոպական դատարանում մի շարք հաղթանակներ արձանագրած փաստաբան Հայկ Ալումյանը ցավով է փաստում՝ Հայաստանում կա մի խավ, որն արդարադատության համար անձեռնամխելի է։ Պնդում է՝ ամենաակնառու օրինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, ում տան մոտ երեք տարի առաջ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, իսկ իրավապահները որոշեցին, որ մարզպետի որդին ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել և դադարեցրեցին քրեական հետապնդումը։

«Եթե հենց դատավարության ընթացքում երկրի ղեկավարությունը գնում է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, ապա հասկանալի է, որ այս մարդիկ հովանավորյալներ են., հասկանալի է, որ իրենք արդարադատության համար լինելու են արտոնյալներ բոլոր պարագաներում», - ասում է փաստաբանը:

Ալումյանը հիշում է զինծառայող Միշա Հարությունյանի գործը՝ թե՛ նրան, թե՛ վկաներին խոշտանգել էին։

«Ռազմական ոստիկանությունում պլասկակուպցիով սեղմում էին եղունգները, որ ինքնախոստովանական ցուցմունքներ գրեն։ Միշա Հարությունյանի և վկաների նկատմամբ այդ խոշտանգումները եղել են։ Աշոտ Հարությունյանի գործը, երբ կալանավայրում հրաժարվել էին նրան բուժօգնություն ցուցաբերել։ Հիմա այս հարցին մի քիչ ավելի ուշադիր են նայում, քան այն ժամանակ։ Բայց կան նաև խախտումներ, որոնք ոնց կային, այնպես էլ հիմա շարունակվում են», - ասում է փաստաբանը: - «Եթե չլիներ Եվրոպական դատարանը, որոշ մարդիկ այստեղ արդեն մարդ կուտեին։ Բայց բարեբախտաբար, այդ զսպաշապիկը հիմա մենք ունենք: Հիմա ասում են՝ մի արեք, որովհետև կգնան Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանը շատ լուրջ մեխանիզմ է ներպետական այս սանձարձակությունը փոքր-ինչ զսպելու համար», - եզրակացնում է նա:

Գնահատելով անկախության 25 տարիները՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը արձանագրում է՝ Հայաստանում մարդու իրավունքները շատ հաճախ են խախտվում, սակայն դրանց հեղինակները հազվադեպ են հայտնվում մեղադրյալի աթոռին: Ոստիկանության պաշտոնական տեղեկագրերում բազմաթիվ են գրառումները բարեփոխումերի, վերափոխված ոստիկանի մասին։ Մինչդեռ Սաքունցը շարունակում է պնդել՝ այս ամենը ձևական բնույթ ունի․ - «Խրոնիկ անբուժելի հիվանդության մեջ ենք գտնվում, որը կոչվում է մարդու իրավունքների պարբերական խախտումներ և դրանց վերականգման անհնարին վիճակ: Մարդու իրավունքների բնագավառում փոփոխություն չենք տեսնում, որովհետև իշխանության պահպանման ռեսուրսը մնում է նույնը՝ անօրինությունը»: