Հայաստանի նախկին արտգործնախարարները «Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ են հայտնում ղարաբաղյան բանակցային գործընթացից։
«Կփորձեմ գոնե ինչ-որ չափով փակագծերը բացել, բայց ոչ ամբողջությամբ։ Բայց էլի ամբողջությամբ չեմ բացի, որովհետև դեռևս ընթանում է բանակցային գործընթաց. այն տեսակետը, որ Ադրբեջանն աղաչել, պաղատել է որպեսզի զինադադար հաստատվի կեղծ է, այդպես չի, երկու կողմերն էլ՝ հակամարտող, խոսքս բանակների մասին է, Զինված ուժերի մասին է, երկու կողմերն էլ ուժասպառ վիճակում էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց 1993-ից 1996 թվականներին Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Վահան Փափազյանը։
1996-ից 1998 թվականներին Հայաստանի արտգործնախար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, փոխզիջումները պարտադիր և անխուսափելի են։ «Տարածքներ վերադարձնելու մասին չէ խոսքը, խոսքն նրա մասին է, որ կոնֆլիկտը լուծվում է կոմպրոմիսներով՝ փոխզիջումներով. երկու կողմն էլ պետք է գնան ինչ-որ զիջումների՝ ինչ-որ տրամաբանական սահմաններում։ Եվ ասել, որ առանց որևէ փոխզիջման է լուծվելու, դա նշանակում է ընտրել պատերազմ։ Մենք կարող ենք բանակցել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման շուրջ, որից հետո կարելի է արդեն մշակել այն ողջ փաթեթը, որը եղել է Կազանում, Մադրիդում, մինչ այդ և այլն», - ասաց Արզումանյանը։
Խնդիրը ոչ Մադրիդյան, ոչ էլ Կազանյան փաստաթղթի մեջ է, համոզված է 1998-ից 2008 թվականներին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մադրիդյան փաստաթղթին ոչ ոք համաձայնություն չէր տվել, մենք գնում էինք բանակցությունների՝ մեր մտքում շատ հստակ դիրքորոշում ունենալով՝ առանց Լեռնային Ղարաբաղի անկախության, կամ ամբողջական ինքնորոշման, առանց դրա հստակեցման և 100 տոկոս համոզված լինելու դրա իրականության մեջ, մենք պատրաստ չէինք տարածքների մասին խոսել», - ասաց Օսկանյանը։
«Ազատության» զրուցակիցներն ասացին, որ դժվար թե համաձայնեն նորից ստանձնել արտգործնախարարի պաշտոնն այսօր՝ տարբեր պատճառներով։
«Իմ բոլոր կոլեգաների նկատմամաբ ունեմ իրական հարգանք և նաև որոշ դեպքերում մտերմություն։ Հիշեցնելով ձեզ, որ թե՛ Վարդան Օսկանյանը, թե՛ Ալեքսանդր Արզումանյանը եղել են իմ գործակիցները, երբ ես նախարար էի՝ մեկն իմ տեղակալն էր, մյուսը՝ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում, երբեմն երբ որ առիթը եղել է իրենց ուղղակի փողոցում հանդիպելուց կամ ուրիշ տեղ ես ասել եմ՝ »տղերք ձեզ թվում է՝ դուք քաղաքականությա՞մբ եք զբաղվում»։ Այն, ինչ հիմա կոչվում է քաղաքականություն, գոնե ինձ համար չէ», - ասաց Փափազյանը։
Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ ավելի հեռուն գնացող հավակնություններ ունի։ «Այսօր ինձ համար դա անցած փուլ է, բայց Հայաստանն անցած փուլ չի, ես անելիք ունեմ Հայաստանում», - ասաց Օսկանյանը։
Արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու համար, ըստ Օսկանյանի, արդար ընտրություններ պետք է անցկացնել երկրում։ «Եթե լինի այդ ազատ, արդար ընտրությունը շատ պարզ է, ակնհայտ է, որ քաղաքական մենաշնորհ ջարդվելու է, ժողովուրդը ձևավորելու է այնպիսի իշխանություն, որին վստահում է և այդ իշխանությունները միայն կկարողանան և՛ Ղարաբաղի հարց լուծել, և՛ արտաքին հարաբերություններ արդյունավետ վարել, իսկ ամենակարևորը կարողանալ երկրի առաջ ծառացած այս ծանր տնտեսական իրավիճակը բարելավել», - ասաց Օսկանյանը։
Հետաքրքիր է ,որ թե՛ Վահան Փափազյանը, թե՛ Ալեքսանդր Արզումանյանը, թե՛ Վարդան Օսկանյանը համարում են, որ լուրջ բացթողումներ իրենց պաշտոնավարման տարիներին չեն ունեցել։