Գյումրիում հրազենային վիրավորումից մահացել է քաղաքապետի ԲՀԿ թեկնածուի որդին

Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը, ում կյանքը փրկել չի հաջողվել:

«Ընդունվել է ծայրահեղ ծանր՝ հոգևարքային շրջանում: Հիվանդի մոտ ախտորոշվել է գլխի թափանցող, միջանցիկ, հրազենային վնասում, արյունահոսություն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: - «Փորձել ենք անել այն ամենը ինչ ի զորու էինք, կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ինտուբացվել է, վերցվել է արհեստական շնչառության և սրտի անուղղակի մերսում է կատարվել: Բոլոր միջոցռումներ վերակենդանացման եղել են ոչ էֆեկտիվ և հիվանդի մոտ ֆիքսվել է կենսաբանական մահ»:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 և 235 հոդվածների առաջին մասի՝ ինքնասպանության հասցնելու և ապօրինի զենք պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

«Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իր իսկ առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում», - մանրամասնեց Տռուզյանը, - «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով և մեկ պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, և մի շարք հարցերի պատասխաններ կկարողանանք տալ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո»:

Ինչ վերաբերում է ինքնասպանության հասցնելու վարկածներին՝ այս պահին մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:

Ըստ Գյումրիում շրջանառվող վարկածի, տեղի ունեցածը կապված է մի պաստառի հետ, որը օրերս հայտնվել է Վարդևան Գրիգորյանի նախընտրական շտաբից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Պաստառում պատկերված են մոլախաղի զառեր, ինչը, ըստ մամուլի, ակնարկ է պարունակել Վարդևան Գրիգորյանի հասցեին: Այսօր արդեն այդ պաստառները շատ արագ հեռացվեցին: Սոնա Տռուզյանին հարցրեցինք՝ արդյո՞ք պաստառի վարկածը քննվում է:

«Ես շրջանառվող խոսակցություններ կամ ասեկոսեներ չեմ մեկնաբանի: Այս պահի դրությամբ մենք կատարում ենք շատ ակտիվ քննչական գործողություններ՝ երիտասարդի ինքնասպանության պատճառները պարզելու համար և մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ», -արձագանքեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:

Հիշեցնենք՝, որ մոտ երկու տարի առաջ սպանվել էր Վարդևան Գրիգորյանի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Այդ սպանության գործով դատավարությունը մինչ օրս շարունակվում է, սպանության մեջ մեղադրվում է Ռազմական ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը:

Գումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հայտարարել են քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին: