Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:
Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ:
ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու համար Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա.-ին Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նախաքննության ներկա փուլում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ասված է հաղորդագրությունում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: