Ցանկացած բանակ աշխարհում, ունի զինատեսակ, որ աշխարհին ցույց չի տա, բնականաբար, և կան զինատեսակներ որ, այո, առաջին անգամ միայն զորահանդեսներին կերևան, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է, թե Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռք է բերվել «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, և հարցին, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ես չեմ պատասխանի այդ հարցին, ինտրիգը կմնա մինչև սեպտեմբերի 21-ի զորահանդեսի պաշտոնական հայտարարությունները։ Եվ այդպես ավելի հետաքրքիր կլինի»։
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա «Իսկանդեր»-ի առկայությունը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց. - «Ըստ էության, Ադրբեջանն իր էսպես մեծ ձեռքբերումների շրջանակներում, միշտ էս առումով զիջել է Հայաստանի Հանրապետությանը։ Դա հեռահար օպերատիվ-մարտավարական զինանոցի սեգմենտն է, որը, կարելի է ասել, էս տարածաշրջանի համար ինչ-որ առումով, ռազմավարական նշանակություն ունի, որովհետև նման զենքերի համար հակառակորդի կամ հարևան պետությունների տարածքում գրեթե չկան անհասանելի կետեր, թիրախ է ամբողջ պետությունը՝ ամբողջ իր ենթակառուցվածքներով»։
Հովհաննիսյանը սակայն հորդորեց չգնալ սիրողական գնահատականների՝ հակառակ ծայրահեղությամբ։ «Ապրիլյան պատերազմին, երբ մեր դաշտում սկսեցին, թույլ տամ ինձ այդպիսի բառեր օգտագործել՝ վատ, անլուրջ գնահատականներ բանակի զինանոցի մասին՝ բացասական իմաստով՝ փամփուշտ չկա, էս չկա, էն չկա և այլն, նման, ներողություն արտահայտությանս համար, հիմարությունները մեծ տեղ գտան հարության մեջ, ես ցավով դա արձանագրեցի և ասեցի՝ «ժողովուրդ, սրանով մեծ վնաս ենք տալիս մենք մեզ, չի կարելի այսպիսի ծայրահեղության մեջ ընկնել»։ Հիմա դրան հակառակ մեկ այլ ծայրահեղության մեջ եք ընկնում», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Մեկ երկու զինատեսակներ կան, որ մենք սկսում ենք աստվածացնել՝ ասելով, որ «այ, եթե «Իսկանդեր»-ն ունենք, «Սմերչ»-ը ունենք, «ՏՈՍ»-ը ունենք, ապա վերջ, Ադրբեջանը պարտված է»։ Չի կարելի, սրանք լուրջ չեն, պետք չէ մարդկանց մանիպուլացիաների ենթարկել նման գաղափարներով»։
Զինված ուժերի համար առաջին ձեռբերումը սպայական կազմն է, ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ այն սպայական կազմը, որն ի վիճակի է «Իսկանդեր»-ը, «Սմերչ»-ը, «ՏՈՍ»-ը կամ մյուս զինատեսակը ճիշտ կիրառել։
Հարցին, թե «Իսկանդեր»-ը կիրառող սպայական կազմ ունե՞նք, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հայաստանի զինանոցում առկա ցանկացած զենք և զինամթերք շատ կարճ ժամանակահատվածում, ներմուծելուց առաջ կամ հետո, միանգամից տիրապետման բարձր մակարդակի վրա է դրվում։ Բոլոր զինատեսակների մասով միշտ կա։ Առաջին հերթին որոկյալ կադրերն են որոշում ամեն ինչ, և այդ կադրերը ապրիլյան պատերազմի ժամանակ կատարեցին այդ հրաշագործությունները, և եթե մենք խոսում ենք զորքի մարտական ոգու մասին, մենք չենք փաստում, որ զորքի մարտական ոգին, ի վերջո, մարտական պատրաստության արդյունք է, իսկ պատրաստությունը սպայական կազմն է կազմակերպում, ապա մենք ազնիվ չենք, մենք վտանգում ենք մեր անվտանգությունը»։