Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը, ինչպես նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:
Սարգսյանը պարգևատրել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ Պատվո շքանշանով:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սոֆոյանը, Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի մարզիչ Հակոբ Փիլոսյանը, Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Փիլոսյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:
Գյումրիի՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաև արժանապատիվ ապրել», - նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը: