Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մասնակցությամբ նախօրեին հնչած կրակոցներից հետո, Էջմիածնում այսօր առավոտից սկսված քաղաքապետի ընտրություններն անցան առանց միջադեպերի։ Կեսօրին ընտրության եկած գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարվեց խոսել իր ընդդիմադիր թեկնածուի հետ կատարվածից։
Երկու օր առաջ կրակոցներով ուղեկցված միջադեպը երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Քաղաքապետի խոսնակը պնդում է, թե ընդդիմադիր թեկնածու Արթուր Թումանյանը, Ստեփան Աբգարյանի հետ Երևան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են քաղաքապետի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաև քաղաքապետն է եղել: Ինչից հետո, ըստ խոսնակի, սկսվել է ծեծկռտուքը։ Իսկ հիվանդանոցում հայտնված Արթուր Թումանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ քաղաքապետը 20 թիմակիցներով հարձակվել է իր և Աբգարյանի վրա, այդ ընթացքում ինքը վերցրել է քաղաքապետի վրայից ընկած զենքն ու օդ կրակել։
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Այսօր քվեարկության եկած իշխող Հանրապետականի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը որդու հետ առնչվող կրակոցների միջադեպը սովորական համարեց․ - «Ըլնում ա, պատահում ա: Եթե իմ որդիները որևէ մեկին կպել են, ուրեմն ամենախիստ օրենքով պիտի պատժվեն, իսկ շառ անողները ամեն ինչով պիտի պատասխան տան»:
Էջմիածնի մոտ երկու տասնյակ տեղամասերն այսօր ակտիվ ընտրություններ չէին հիշեցնում։ Կեսօրից հետո մի քանի տեղամասերում քվեարկության էին եկել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 20 տոկոսը։
Տրամագծորեն հակառակ պատկերն էր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում։ Կուտակումների պատճառով թիվ 16 տեղամասում ոստիկանները ստիպված փակել էին մուտքի դուռը, մի մասն էլ քվեարկությանը մասնակցած անձանց դպրոցի տարածքից հանելու ապարդյուն փորձեր էր կատարում։
Գյուղապետի պաշտոնի համար այստեղ ընդդիմադիր ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ պայքարում է Հանրապետականի թեկնածու Արթուր Դավթյանը։ Վերջինս «Ազատության» այցելության մի քանի ժամերի ընթացքում հենց տեղամասի տարածքում, անձամբ փորձում էր համակարգել ներսի ու դրսի գործընթացը: Երբեմն իր շուրջը հավաքում մի խումբ երիտասարդների, նրանց ինչ-որ ցուցումներ տալիս, որից հետո այդ երիտասարդները սկսում էին հեռախոսներով զանգեր կատարել, մեքենաներով բերված քաղաքացիներին ուղեկցում էին տեղամաս։