Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քարոզարշավի շրջանակում թեկնածուները ընտրողներին իրազեկում են նաև, թե ինչպես են քաղաքում տեղի ունենալու ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքի համաձայն:
Համաձայն նոր օրենսգրքի, հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում, ինչպես մայրաքաղաք Երևանում, համամասնական ընտրակարգով անցկացվում են ավագանու ընտրություններ, այնուհետև ավագանու անդամները քաղաքապետ են ընտրում:
Վանաձորում քաղաքապետի թեկնածուներից շատերը պնդում են, որ ընտրողները լավ տեղեկացված չեն ընտրությունների ձևաչափի մասին:
Մասնավորապես, «Համախմբում» կուսակցության կողմից առաջադրված Վահան Ղույումչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հանդիպումների ընթացքում պարզվում է, որ ընտրողներից շատերը թյուրիմացության մեջ են:
«Այսօր էլ այդ նույն ուժերը քաղաքական փորձում են էլի թյուրիմացության մեջ գցել մեր բնակչությանը, որ սա ինչ-որ անձերի ընտրություն է: Ես ուզում եմ մեր բնակչությանն ասել, որ էստեղ ընտրակարգը փոխված է, որ էստեղ արդեն թեկնածուն կուսակցություններն են, կոնկրետ անձերը թեկնածուներ չեն», - նշեց Ղույումչյանը՝ շարունակելով․ - «Մարդիկ են գալիս, որ նույն իշխող կուսակցությունից խիստ դժգոհ են, որ «ոչ մի դեպքում ես նրանց ձայն չեմ տա», բայց էդ կուսակցության ներկայացուցչին ուզում է ձայն տալ»:
ՀՅ Դաշնակցության կողմից առաջադրված Նելսոն Մամուլյանը նույնպես ասում է, թե բացի ծրագրերը ներկայացնելուց՝ ընտրողներին մեկնաբանում են նաև նոր ընտրակարգը:
«Դե, «մենք քաղաքապետ ենք ընտրում», մյուսը՝ «մենք կուսակցություն ենք ընտրում», մյուսները էդքան էլ լավ չէին տեղյակ Ընտրական օրենսգրքի առանձնահատկություններին, ինչ-որ տեղ որը հասկանալի է, քանի որ առաջին անգամ է կիրառվում այս մեթոդը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մամուլյանը: - «Նման պարագայում մեզ մնում է ընդամենը մեկնաբանել Ընտրական օրենսգիրքը, ճիշտ մեկնաբանել, որպեսզի վանաձորցին ճիշտ գիտակցի, որ ինքը ընտրում է համամասնական ցուցակ, կուսակցություն, թիմ, որը թիմային և կոլեգիալ պատասխանատվություն է վերցնում համայնքի կառավարման համար, այլ ոչ թե քաղաքապետ՝ անմիջական ընտրությամբ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն ասում է, թե ընտրողների հետ հանդիպումը սկսում են մարդկանց ծանոթացնելով նոր ընտրակարգին: Ըստ Մարուքյանի՝ իշխող կուսակցությունը թեև փոփոխությունները հիմնավորել էր նրանով, որ այդպիսով բարձրացնում են կուսակցությունների դերը, այնուհանդերձ, քարոզարշավի ընթացքում Հանրապետականը ավելի շատ ներկայացնում է անձին և ոչ կուսակցությանը:
«Աբսուրդը կայանում է նրանում, որ չնայած նրան, որ նույն Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ փոխվեց Սահմանադրությունը, և Սահմանադրության փոփոխությունը ենթադրեց հենց ՏԻՄ ընտրությունների անցկացումը Վանաձորում և Գյումրիում այլ ձևաչափով, այսինքն՝ կուսակցական ձևաչափով, բայց միևնույն ժամանակ մենք նույն Հանրապետական կուսակցության և մյուսների կողմից տեսնում ենք, որ այս գործընթացը, փոխանակ կուսակցականացվելու, տարվում է անձնական, անձնավորման մակարդակ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մարուքյանը:
Հանրապետականի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, ով ընդամենը ամիսներ առաջ է ընդգրկվել իշխող կուսակցության կազմում, հակադարձելով ընդդիմադիրներին՝ «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վանաձորցին ընտրելու է քաղաքապետ և ոչ թե կուսակցապետ, «իսկ Վանաձորի քաղաքապետը լինելու է ոչ թե որևէ կուսակցության քաղաքապետը, այլ ցանկացած վանաձորցու քաղաքապետը»:
«Էնպես որ, վանաձորցու ընտրությունը չի ուշանա, վանաձորցին կվստահի այն մարդուն կամ այն ուժին, որը այս պահին ի զորու է լուծելու Վանաձորի խնդիրները: Իսկ թե օպոզիցիան կամ մեր քաղաքական ընդդիմադիրները ինչ են շահարկում՝ դա արդեն քաղաքական դիվիդենտների շարքից է, որտեղ պետք է՝ մեր ընդդիմադիրները նշում են անհատներ, որտեղ պետք է՝ նշում են կուսակցություններ: Այսինքն, այնտեղ, որտեղ Հանրապետական կուսակցությունը ունեցել է հաջողություններ, դա կապում են անհատի հետ, որտեղ կա անհաջողություն, կապում են կուսակցության հետ», - հայտարարեց իշխող կուսակցության թեկնածուն:
ՏԻՄ ընտրությունները Վանաձորում, հիշեցնենք, անցկացվելու են հոկտեմբերի 2-ին: