«Իսկանդեր M»-ը այն զինատեսակն է, որը ցուցադրելն արդեն իսկ մեծ նշանակություն ունի»

Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձի ժամանակ ցուցադրվել է «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Թեև պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին, հայաստանյան փորձագետները վստահեցնում են՝ այո, դա ճիշտ այն զինատեսակն է, որից ամբողջ աշխարհում Ռուսաստանից հետո ունի նաև Հայաստանը։

«Ես տեղյակ էի, որ արդեն բավականին երկար ժամանակ այդ և որոշ այլ նոր զինատեսակներ գտնվում են Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ Հայաստանի նման երկրի համար դա ռազմավարական նշանակության զինատեսակ է։ Դրանով հնարավոր է խոցել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող թիրախներ՝ սկսած հրամանատարականից, վերջացրած՝ էներգետիկ նշանակության։

«Այս զինատեսակը ունի և՛ քաղաքական՝ որպես, այսպես կոչված, զսպման ռազմավարության իրականացման գործոն, և՛ նաև կոնկրետ ռազմական։ Կարծում եմ՝ դա կարևոր գործոն է, որը կարող է զսպել Ադրբեջանին ռազմավարական մակարդակով ինչ-որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից», - ընդգծեց փորձագետը:

Մինասյանը գտնում է, որ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու որոշումը ռուսական կողմն ընդունել էր՝ հաշվի առնելով ռազմական բալանսի պահպանումը։ Եվ եթե անգամ Ռուսաստանն Ադրբեջանին ևս նման զինտեխնիկա տրամադրի, դա կլինի միայն այն դեպքում, եթե հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ վատացում լինի։

«Եթե Ադրբեջանին Ռուսաստանը նմանատիպ զենք տրամադրի, դա կնշանակի, որ Ռուսաստանը այդ բալանսը կխախտի։ Ես չեմ կարծում, որ կարճաժամկետ քաղաքական հեռանկարում նմանատիպ քայլ Մոսկվայի կողմից կընդունվի», - ընդգծեց փորձագետը:

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ «Իսկանդեր M»-ը այն զինատեսակն է, որը ցուցադրելն արդեն իսկ մեծ նշանակություն ունի։

«Եթե հակառակորդը տեղեկանա այն մասին, որ այդպիսի զինատեսակ կա Հայաստանում, ռազմական գործողությունների ժամանակ հարաբերություններն արդեն բոլորովին այլ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է նույն զինատեսակը տրամադրել նաև Ադրբեջանին։ Սակայն, նկատեց նա, Ադրբեջանը պարտված երկիր է և զինվելու այլ առաջնահերթություն ունի․ - «Պարզունակ է ընկալումը, որ մեզ տվել են 10 տանկ, իրենց էլ պետք է տան 10 տանկ, մեզ՝ 10 փամփուշտ, իրենց ևս՝ 10։ Ոչ, ստեղծված է տարբեր առաջնահերթություն։ Իրենց այլ զինատեսակ է պետք, մեզ՝ այլ։ Բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանը ևս կարող է նույնը ունենալ»։

Նշենք, որ ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում «Իսկանդեր M»-ի ցուցադրմանը:

«Ռեգնում» գործակալությունը գրել է՝ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր։ Գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև այլ զինատեսակներ, դրանց մեծ մասը՝ 200 միլիոն դոլար արտոնյալ վարկի շրջանակում։