ՀՀ նախագահ. ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության օջախներ

«Մեր հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը», - այսօր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը հույս է հայտնել, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար:

«Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում», - հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ:

«Այս տարվա ապրիլին, 1994 թվականին հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշքեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով։ Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»:

Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: «Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 -1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար», - մասնավորապես, հայտարարել է նախագահը: