Անկարայում արդյունավետ են գնահատում Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցը Թուրքիա

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, արխիվ:

Երկու պետությունների բարձրաստիճան զինվորականների բանակցությունների համար նախատեսված ժամանակի զգալի մասը նվիրել են Սիրիայում ծավալվող զարգացումներին:

Այն մասին, որ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը Թուրքիա է մեկնում, հայտնի դարձավ երեկ օրվա երկրորդ կեսին՝ այցի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Ռուսաստանյան լրատվամիջոցներին տեղեկությունը փոխանցեց երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Ռուսաստանցի գեներալին թուրքական Գլխավոր շտաբում դիմավորեցին կարևորագույն հյուրերի համար նախատեսված արարողակարգով: Անկարայի կենտրոնում Գլխավոր շտաբի շենքի բակում շարված էր թուրքական բանակի բոլոր զորատեսակների զինծառայողներից կազմված պատվո պահակազոր:

Հարկ է նկատել, որ սա Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Թուրքիա 2005 թվականից ի վեր: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Գերասիմովը Անկարա է ժամանելու օգոստոսի վերջին. անցած ամիս, սակայն, ռուսաստանցի գեներալի այցը վերջին պահին չեղյալ հայտարարվեց:

Այժմ արդեն Վալերի Գերասիմովի և նրա թուրք պաշտոնակից, գեներալ Հուլուսի Աքարի բանակցությունները կայացան փակ դռների ետևում՝ շարունակվելով մի քանի ժամ: Hurriyet-ի տեղեկություններով, երկու պետությունների ռազմական ղեկավարները բանակցությունների համար նախատեսված ժամանակի զգալի մասը նվիրել են Սիրիայում ծավալվող զարգացումներին:

«Գեներալ Աքարը իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակը երկրի հարավային սահմանը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելն է», - այսօր գրում է կառավարությանը մոտ կանգնած Sabah օրաթերթը:

«Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները նախևառաջ կարողացան ավելի ամրապնդել փոխըմբռնման մթնոլորտը: Բանակցությունները նաև ճանապարհ են հարթում հետագա դրական զարգացումների համար», - Reuters-ին փոխանցել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի անանուն աղբյուրը:

Թուրքական աղբյուրների պնդմամբ, սակայն, երկու երկրների գլխավոր շտաբերի պետերը բանակցությունների ընթացքում որոշել են չսահմանափակվել բացառապես Սիրիայի խնդրով: Թուրքական մամուլի տեղեկություններով, դեռ մինչև բանակցությունների մեկնարկն ակնհայտ էր, որ Գերասիմովն ու Աքարը քննարկելու են նաև Սև ծովի ավազանում և Կովկասում ստեղծված իրադրությունը:

«Այս այցի կարևոր պահերից մեկը բանակցությունների սեղանի շուրջ գերակշռող այն մտայնությունն էր, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել բացառապես այդ տարածաշրջանում գտնվող պետությունների համատեղ նախաձեռնությունների միջոցով», - Hurriyet-ի հետ զրույցում նշել է թուրքական Գլխավոր շտաբի սպայակազմի ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Թուրքական զինվորականության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նաև նշել են, որ գեներալ Վալերի Գերասիմովի այցը Անկարա «ընդգծում է, թե Ռուսաստանի Դաշնությունը ինչ մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի կարողություններին այս տարածաշրջանում»:

Ուշագրավ է, որ Անկարա կատարած այցից ընդամենը մեկ օր առաջ գեներալ Գերասիմովն անդրադարձել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև սևծովյան տարածաշրջանում ծավալված ռազմական մրցակցությանը` ընդգծելով․ - «Դեռ մի քանի տարի առաջ պնդում էին, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը Սև ծովի գրեթե միանձնյա տերն են: Այժմ ամեն ինչ փոխվել է: Ռուսաստանի Սևծովյան նավատորմը բավական լավ տպավորություն է թողնում, դրա կազմում գործող սուզանավերի թվաքանակը հաջորդ տարի կկրնապատկվի` հասնելով վեցի»: