Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ:
«Սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել առ այն, որ բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխային ցուցաբերվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, որի հետևանքով երեխան մահացել է։ Նախնական տվյալներով՝ երեխային բժշկական կենտրոն է տեղափոխել մայրը՝ սեպտեմբերի 5-ին, որտեղ վերջինիս հայտնել են երեխայի ծայրահեղ ծանր առողջական վիճակի մասին. նրա մոտ ախտորոշվել է բարդացած թոքաբորբ։ Ըստ հրապարակման՝ երեխայի մայրն ահազանգել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, և նրանց անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով երեխան սեպտեմբերի 8-ին մահացել է», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ Կոմիտեի, նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար, բժշկական կենտրոնից առգրավվել է հիվանդության պատմագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը։