Անջուր աշունը, ըստ գյուղացիների, հետևանք է Կարբիի ձորում կառուցված ՀԷԿ-ի: Ասում են՝ ինչ այդ ՀԷԿ-ը կառուցվել և գործում է, իրենք ոռոգման ջրի խնդիր ունեն։
«Կարբիի ձորում էինք․ էդ ձորով 5 խորանարդ մետր ամենաքիչը ջուր էր հոսում: Ես մտածեցի, թե դոտացիա են տալիս Արարատյան դաշտավայրին: Բայց որ նայում ենք Արարատյան դաշտի կողմ գնացող ջրանցքներին, ջրանցքները միշտ լիքն են, ջուրը լիքը գնում ա: Դաշտերով անցնում ես, տեսնում ես՝ առատ ջուր են անում մարդիկ․․․ Բայց մենք ջրի կարոտ ենք մնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետը։
Նրա համագյուղացիներից մեկը հավելեց․ - «Դրա համար էլ մեր ջրի հարցը շատ վատ ա, ու քանի գնաց, ավելի կվատանա: Որովհետև մեր կանալի, ոռոգման ջրի վրա իրավունք չունեն գէս սարքելու»:
Գյուղացիներին երկու օր առաջ խոստացել էին, որ այսօր ջուր կունենան։ Առավոտվանից սպասում են, բայց առուները դեռ դատարկ են։
Մարզի գյուղատնտեսության վարչության պետ Յուրա Ազատյանը սակայն ասում է, որ գյուղում արդեն ջուր կա․ - «Աղձք գյուղում ջուր ա եղել, 300 լիտր վայրկյանում և նույն ուղղությամբ իջել ա նույնիսկ Ոսկեհատ գյուղ՝ 50 լիտր/վայրկյան: Աստիճանաբար շարունակվելու է․․․ Շամիրամ ձորինը էսօր երեկոյան ամբողջությամբ ջրանցքը կվերականգնվի, և մարզում ջուր կունենանք»:
Ազատյանի խոսքով՝ անջատումներ սեպտեմբերին միշտ լինում են։ Իսկ ՀԷԿ-ի կապակցությամբ ասաց, որ մի պահ խնդիր կար, բայց այժմ այն վերացել է:
Արձագանքելով բնակիչների բողոքներին, թե իրենք վնասներ են կրել՝ Ազատյանը հիշեցրեց ամիսներ առաջ տեղացած կարկուտը․ - «Արագածոտն համայնքը ամբողջությամբ կարկտահարվել ա, գրեթե հարյուր տոկոսով խաղողի այգիներ կան, որ ոչ մի բան չունեն: Իսկ իրենք ընենց են ներկայացնում, որ իրանց բերք եղավ, փչացավ, ոչինչ չկար ծառերի վրա, բայց տուժեցին»:
Մինչդեռ Արուճի գյուղապետը հակադարձում է. - «Հիմնականում բոստանային կուլտուրաները, որ շուտ-շուտ ոռոգվում ա, չորանում են: Արտերն էլ, մարդիկ ուզում են ոռոգել, ցանկություն կա, պահանջարկ կա, չեն կարողանում ոռոգել»: