Այսօր կառավարության նիստի սկզբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ հանրությանը շատ է հետաքրքրում այս հարցը, և իրենք ստեղծում են համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնեն դա:
«Բայց այս պահին ես ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական ձևակերպել հետևյալ կերպ: Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով․ - «Այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»:
Ապա Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
«Խոսքը ինչի՞ն է վերաբերում՝ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահովների սակագինն ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական է: Պետք է ապահովել սակագնային խթանչի ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես՝ գյուղատնտեսության և վերամշակվող ճյուղերի համար», - ասաց վարչապետը:
Ապա Կարապետյանը հավելեց` այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, պետք է անել ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են: