ՀԷՑ-ի տնօրեն․ Չեմ կարող ասել՝ արդյո՞ք 2017 թվականին հոսանքը կթանկանա

ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը: 14-ը սեպտեմբերի, 2016

Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրեն Կարեն Հարությունյանը պատասխան չունի, թե հաջորդ տարի, երբ արդիականացման նպատակով կես տարով կանգ առնի ատոմակայանը, արդյոք կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը:

2015 թվականին գրեթե 7 դրամով թանկացնելով հոսանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ պատճառներից մեկը ԱԷԿ-ի՝ նախատեսվածից ավելի երկար չգործելն էր: Այս տարի էլեկտրաէներգիան էժանացավ 2.58 դրամով, սակայն փորձագետները մտահոգված են, թե 2017-ին ատոմակայանի երկարատև չաշխատելը կարող է դարձյալ հանգեցնել հոսաքնի թանկացմանը:

«Ատոմակայանի կանգնելը ինչ ձևով կազդի սակագնի վրա, դա ես չեմ կարող հիմա պատասխանել: Հայաստանի էլեկտրացանցը սակագինը կարգավորող մարմինը չէ: Հայաստանի էլեկտրացանցը ունի լիցենզիայով իրեն տրված պայմաններ, որում նշված են էն մոտեցումները, որոնք որ պտի համարվեն նորմատիվային յուրաքանչյուր տարվա սակագնային մարժայի որոշման համար: Ես միայն մի բան կարող են ասել՝ ընկերությունը առաջարկություն է ուղարկում մարժայի վերաբերյալ, ոչ թե սակագնի վերաբերյալ․․․ Բոլոր դեպքերում, ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի պատճառով այլևս երբեք չի բարձրանա սակագինը», - ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով․ - «Ամեն ինչ արվում ա, որ չլինի բարձրացում: Մեր կողմից ասում եմ՝ մենք բարձրացման նախաձեռնող չենք»:

Ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ռուսական Интер РАО ընկերությունից 2015 թվականի սեպտեմբերին գնեց ավելի քան 109 միլիարդ դրամ պարտք կուտակած ՀԷՑ-ը: Ըստ Կարեն Հարությունյանի, նախորդ մեկ տարվա ընթացքում հաջողվել է համակարգում կորուստները 12.5 տոկոսից նվազեցնել մոտ 10 տոկոսի, իսկ յուրաքանչյուր մեկ տոկոսային կետը նշանակում է շուրջ 1.5 միլիարդ դրամի խնայողություն:

Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո գտնվող Интер РАО-ին ՀԷՑ-ը պատկանում էր 2006-ից, և, չնայած ընկերության բազմաթիվ ներդրումային ծրագրերին, որոնք, ի դեպ, հաստատվել ու վերահսկվել են Ռոբերտ Նազարյանի գլխավորած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, այսօր հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի համակարգի 85 տոկոսը մաշված է:

«Բաշխիչ ցանցի ներդրումային ծրագրում շատ զգալի հատված պիտի լինի էլեկտրակայանների՝ հիմնական միջոցների հիմնանորոգումը և նորով փոխարինման աշխատանքը: Մեր համակարգը համարվում է շուրջ 85 տոկոսով մաշված, և էս առումով մենք շատ բան ունենք անելու: Ընդհանուր առմամբ, ցանցերի վերակառուցումը և սարքավորումների փոխարինումը մեր 100 միլիարդ ծրագրի մեջ կազմում է 41.4 միլիարդ դրամ», - ասաց Հարությունյանը:

Կարեն Հարությունյանը նշեց, որ ընթացիկ տարին նախատեսում են փակել մոտ 15 միլիարդ դրամ շահույթով: