Շուրջ մեկուկես ամիս անազատության մեջ մնալով ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Ղումաշյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով կալանավորված Ղումաշյանն արդեն ազատության մեջ հայտարարեց, որ ոչ միայն հուլիսի 29-ին, այլ երբևէ Սարի թաղում չի եղել։
«Ես իմ գիտակցական կյանքում երբևէ Սարի թաղում չեմ եղել։ Այդ օրը ես ու Պետրոսյան Վահրամը պետք է դինամիկները տանեինք այնտեղ, որտեղ կայանում էին ցույցերը, ու եթե ոստիկանական սադրանքներ չլինեին, չհարձակվեին անմեղ մարդկանց վրա, ջարդեին, փշրեին, նաև այդ տեխնիկան ջարդելու վտանգից ապահովագրվելու համար, մենք չէինք գնացել։ Հաջորդ օրը, ես մի ամիս հորս տանը չէի եղել, հայրս առանձին է ապրում, ու զարմանալիորեն եկան հորս տնից բռնեցին», - «Ազատության»-ը պատմեց Ղումուշյանը։
Դիտարկմանը, թե ոստիկանական ցուցմունքներ կան, որ ոստիկանների ուղղությամբ Սարի թաղում ինքը քարեր է նետել, ակտիվիստն այսպես արձագանքեց. - «Սաֆարյան Գևորգին իմ աչքի առաջ Գեղամիկ կոչեցյալը խփում էր, վիդեոներում երևում է, որ ոստիկաններն են խփում, բայց Գևորգն է այսօր անազատության մեջ, ոչ թե Գեղամը, էդ երկրում ենք ապրում։ Ես գիտեմ, որ իմ ընկերները գնացել, ցուցմունք են տվել իմ համար, որ այդտեղ չեմ եղել՝ փաստերով և այլն, բայց գիտեք, եթե ընկերներս, մարդ ես, վախենային ու այդ ցուցմունքները չլինեին, հիմա անմեղ տեղը պետք է ինձ այստեղ պահեին»։
Փաստաբան Հայկուհի Հարությունյանը ենթադրում է, որ քննիչը կալանքը փոխարինել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ, քանի որ անմեղության ապացույցներն արդեն անհերքելի էին՝ Վահագնի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ընկերների վկայություններն ու բերած փաստերը, որ նա Սարի թաղում չի եղել: Այդուհանդերձ քրեական հետապնդումը չի դադարեցվել։
«Մեր վերջնանպատակը ոչ թե խափանման միջոցը փոխելն է, այլ, առհասարակ, մեղադրանքը վերացնելն է», - ասաց Հարությունյանը։
29-ամյա Վահագն Ղումաշյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի օպերատորն է, ընդդիմադիր շարժման միջոցառումներն էր տեսանկարահանում:
Ոստիկանության գնդի տարածքի գրավման օրերին մի քանի անգամ բերման է ենթարկվել Խորենացի փողոցից, ասում է՝ բռնությունների է ենթարկվել բաժանմունքներում և համոզված է՝ Սարի թաղը պատրվակ էր իրեն երկար ժամանակով մեկուսացնելու։
«Անկեղծ ասած, ես որոշել էի, որ եթե առերեսման ժամանակ ոստիկաններն ասեն, որ ես եմ եղել և տեսել են, միջնորդություն ներկայացնեի, որ էդ մարդիկ կարող է շիզոֆրենիա ունեն, որովհետև, եթե այնտեղ չես եղել, բայց քեզ տեսել են, ուրեմն հոգեկան ինչ-որ խնդիրներ ունեն։ Ինձ թվում է՝ ուզում էին ցույց տալ, որ անգամ այն մարդիկ, ովքեր որևէ մեղք չունեն, անգամ իրենց կձերբակալեն, որպեսզի մյուսները, ովքեր, որպես համակիր, կարող են ներգրավել շարժման մեջ, իրենց վախեցնեն ու հեռու պահեն», - ասաց Ղումաշյանը։
Ակտիվիստի բողոքը մերժել էր նաև վերաքննիչ ատյանը՝ երկամսյա կալանքը գրավով էլ չփոխարինելով:
«Առանց հիմքերը ստուգելու, զուտ հաշվի առնելով, որ անձինք, ովքեր որ ենթարկվում են այդ հետապնդումներին, ինչ-որ ձևով դրսևորել են ակտիվություն, կամ ժամանակի ընթացքում առնչություն են ունեցել «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ», - ասաց փաստաբանը։
«Հիմնադիր խորհրդարան»-ը պնդում է, որ հուլիսյան իրադարձություններից հետո երիտասարդ այլ աջակիցների են իշխանությունները փակի տակ պահում:
Վահագն Ղումաշյանը մտադիր չէ հետագա պայքարից հրաժարվել։ «Եթե հանուն որևէ վեհ արժեքի դու պատրաստ չես թեկուզ ծեծ ուտել, թեկուզ դատվել, ուրեմն այդ արժեքները սին են», - ասաց Ղումաշյանը։