Բաբայան․ Կասպշիկը նույնպես հասկանում, է, որ առանց Արցախի հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, բարձրացրել են շփման գծում սահմանային միջադեպերի հետաքննության ներդրման հարցը:

Կասպշիկը երեկ Ստեփանակերտում հանդիպում էր ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ղարաբաղյան կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։

Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ․ - «Հիմնական խնդիրը նրա մեջ է, որ մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ կողմնակից ենք, որպեսզի զինադադարի ռեժիմը անվերապահորեն պահպանվի: Նամանավանդ, որ դա եղել է միջազգային պայմանագիր, և այդ պայմանագիրը որևէ մեկը չի բեկանել: Գիտեք, որ Ադրբեջանը փորձեր էր կատարում, չստացվեց: Եվ ճիշտը հենց դա էր, որ նման քայլերը ձախողվեն»:

Բաբայանը ասաց, որ Կասպշիկը Բակո Սահակյանին փոխանցել է, որ իրենք շարունակում են աշխատել հետաքննության մեխանիզմների ուղղությամբ․ - «Իհարկե, իրենք աշխատում են այս ուղղությամբ և ամեն ինչ անում են, որպեսզի գործընթացը տեղից շարժվի»:

Ղարաբաղի իշխանությունները նաև առաջարկել են ընդլայնել շփման գծում պարբերաբար ընթացող մշտադիտարկումները։ Արդյունավետ որակելով դրանք՝ Բաբայանը միաժամանակ շեշտեց, որ մշտադիտարկումները բավարար չեն՝ պարզելու, թե հակամարտող որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը։

Ղարաբաղցի պաշտոնյայի խոսքով, չնայած ադրբեջանական կողմի մերժումներին, Կասպշիկը ընդունում է իրենց այս առաջարկի անհրաժեշտությունը․ - «Այս պահին, իհարկե, պայմանավորում են, տվյալ տեղում կարող են չկրակել, մյուս տեղերում խախտում է զինադադարի ռեժիմը Ադրբեջանը: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է այդ մեխանիզմները ավելի արդիականացվեն, որ մշտական պետք է լինեն այնտեղ մարդիկ՝ տարբեր վայրերում տեղակայված, որ պետք է այդ մեխանիզմները խորացվեն, ընդլայնվեն: Դրա համար ենք միշտ կողմնակից եղել, որպեսզի ընդլայնվի նրանց և՛ ձևաչափը, և՛ կազմը: Սա, կարծում եմ, որ արդեն ժամանակի պահանջն է»:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի հետ հանդիպմանը Ղարաբաղի իշխանությունները կրկին պնդել են իրենց առաջարկը՝ վերականգնել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը ավելի քան 2 տասնամյակ տևող կարգավորման բանակցություններին:

«Կասպշիկը նույնպես հասկանում է, որ առանց Արցախի հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը», - ասաց Բաբայանը՝ փոխանցելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը վերահաստատել է դեռևս տարիներ առաջ իրենց կողմից արված այն հիմնական երեք մոտեցումները, որոնք թույլ կտան պահպանել հարաբերական խաղաղությունը շփման գծում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է շփման գծից Ադրբեջանի կողմից դիպուկահարներին հեռացնելուն, տոնական օրերին հրադադարը խստորեն պահպանելուն և շփման գծի երկայնքով երկու կողմերում հրամանատարական կազմի ներկայացուցիչների միջև նախկինում եղած կապը վերականգնելուն։

Բաբայանը նշեց, որ Կասպշիկի հետ հանդիպմանը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը չեն անդրադարձել։ Ամերիկացի դիվանագետը, հիշեցնեմ, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել էր․ - «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց»:

«Ադրբեջանը առաջարկում է դիտումը, կարգավորումը այս տեսանկյունից: Իրենք էլ պարտավոր են դա ներկայացնել: Մենք էլ ասում ենք՝ մեզ համար դա ընդունելի չէ, որովհետև չկա վերադարձ անցյալին, վերջապես պետք է նայել ապագային, պետք է հազար ու մի հատ հարց քննարկենք և այլն, և այլն», - հավելեց Դավիթ Բաբայանը:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը դրական է գնահատում ԵԱՀԿ-ի պաշտոնյայի ցանկացած այց հակամարտության գոտի: Նա նշում է, որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ Մինսկի խումբը վկայակոչեց 94-95 թվականների պայմանագրերը, հայկական կողմը պետք է բանակցի միայն մի խնդրի շուրջ՝ վերականգնել 94 թվականի շփման գիծը․ - «Այն, որ բոլորը 94-95 թվականի պայմանագրերն են որպես հիմք ընդունում, շահեկան է մեզ համար: Այնքան է շահեկան, որ ապրիլյան պատերազմից հետո մենք կարող են կա՛մ չբանակցել, պայման դնել, որ Ադրբեջանը վերադառնա նախկին շփման գիծ, կա՛մ բանակցենք միայն այդ հարցով: Որ նա խաղաղ ճանապարհով վերադառնա: Դա շատ լուրջ խնդիր է, և ամբողջ աշխարհն է դրա մասին խոսել: Եվ եթե մենք նման քաղաքականություն որդեգրենք, կարող է աշխարհը մեզ պաշտպանի»:

Մանվել Սարգսյանի գնահատմամբ, ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը զգուշավոր է դարձել, մինչդեռ հայկական կողմը դրանից չի օգտվում։