Հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարապետյանը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա: Հայաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար: