Ակտիվիստը պնդում է, թե դատավճռով արդարացվելուց հետո էլ սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը

Ստվարաթղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասներին հարվածելուց հետո դատարանի առաջ կանգնած ակտիվիստ Արտակ Գևորգյանը պնդում է, որ արդարացվելուց հետո էլ սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հունիսին դատախազությունը հրաժարվել էր ակտիվիստի դեմ ներկայացված խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու մեղադրանքից, ինչից հետո դատարանը վերացրել էր Գևորգյանի դեմ քննիչի կողմից կիրառված ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը:

«Մի ամիս անցավ, ես գնացի Վրաստան՝ հանգստանալու, ինձ բռնեցին սահմանից, ասացին՝ Դուք չեք կարա անցնեք սահմանը: Ես իրանց դատավորի որոշումը, պատճենը ցույց տվեցի, ասեց՝ մեզ չի հետաքրքրում, ստեղ համակարգում տված ա, որ մենք պտի չթողենք քեզ դուրս գաս, ու զանգեցին Բագրատաշենի ոստիկանություն: Ոստիկանությունը էկավ, ճշտեց, որ ես ո՛չ հանցագործ եմ, ո՛չ էլ հետախուզվող եմ, ու բաց թողեց, ասեց՝ գնա խնդիրներն լուծի, հետո կգաս, կանցնես», - պատմեց Գևորգյանը:

Դրանից հետո ակտիվիստը դիմել է իր արդարացման որոշումը կայացրած Կենտրոնի դատարան, որտեղ նրան վստահեցրել են, թե իր դեմ կիրառված սանկցիան հանելու մասին տեղեկությունը օգոստոսի 1-ին փոխանցվել է պատկան մարմիններին․ - «Ասել են, որ լրիվ օքեյ ա, դու կարաս հանգիստ անցնես, էս էլ քո պասպորտը: Եթե օրինական ուժի մեջ էլ մտել ա, հլը մի բան էլ անցել ա, դժվար թե ուշացնեն: Բայց նայեք, արդեն էրկու ամիս ա, անօրինական իմ դեմ փակ ա սահմանները»:

Գևորգյանի շահերը պաշտպանած փաստաբան Տիգրան Սաֆարյանն «Ազատությանն» ասաց, որ տեղի է ունենում ապօրինություն, քանի որ արդարացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իր պաշտպանյալի դեմ կիրառված խափանման միջոցը պետք է անհապաղ վերացվեր․ - «Դատարանը ճանաչել ա, որ նա անմեղ ա, որևէ հանցանք չէր կատարել: Եվ էդ պահի դրությամբ դատարանը նաև վերացրել ա նրա խափանման միջոցը: Այսինքն անհապաղ պետք է էդ արգելքը վերացվեր․․․ Նրա ազատ տեղաշարժման և անձնական ազատության իրավունքի խախտում ա տեղի ունեցել: Էդ խախտումների հետ կապված հայց կներկայացնենք երևի»:

Դատական դեպարտամենտի լրատվության վարչության պետ Արման Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գևորգյանի դեմ կիրառված խափանման միջոցը հանելու մասին տեղեկությունն ուղարկվել է համապատասխան մարմիններին՝ չմանրամասնելով, թե որոնք են այդ մարմինները․ - «Վճռի կատարումը ուղարկվել է պետական լիազոր մարմնին: Ըստ էության, անձն իր ձեռքին ունի դատարանի վճիռ, օրինական վճիռ, և անձն ազատ է, ուր որ ուզի, կարող է գնալ․․․ Մնացածը այլևս դատական համակարգի լիազորություններից դուրս է»:

Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց կողմից որևէ սահմանափակում ակտիվիստի դեմ չկա: Իսկ Քննչական կոմիտեից հավաստիացրին, որ գործը դատարան ուղարկելուց հետո իրենք խափանման միջոցի հետ որևէ առնչություն չունեն:

Չնայած այս հավաստիացումներին՝ օրեր առաջ ակտիվիստին Բագրատաշենում սահմանապահները երկրորդ անգամ թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը:

Գևորգյանը չգիտի, թե ինչպես լուծել խնդիրը․ - «Ես չգիտեմ ում դիմեմ: Որովհետև ում դիմում ես, ասում ա՝ մենք իրավասու չենք»:

Տարբեր քաղաքական ակցիաներով հայտնի արվեստագետ ակտիվիստը վստահ է, որ տեղի ունեցողը անփութության արդյունք չէ, այլ այս կերպ պատժում են իրեն իշխանություններին քննադատելու համար․ - «Ուզում են իրանք ինձ սենց պատժեն: Բայց էլի չի ստացվի: Ինչքան սադրեն, էդքան պոտենցիալ հանցագործ են սարքում մարդկանց»:

Հիշեցնենք, զենքի վաճառքի կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն օրեր առաջ անարգել Հայաստանից վերադարձավ հայրենիք, երբ հայաստանյան դատարանը մերժեց նրան կալանավորելու միջոնորդությունը։