«Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի»՝ ՀՀ ՊՆ պատվիրակությանը

Ռուսաստան - «Արմիա-2016» ֆորումին ներկայացվում են «Իսկանդեր-M» շարժական հրթիռային կայանքները, Կուբինկա, 9-ը սեպտեմբերի, 2016թ․

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում` «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտադրատեսակները:

Հայկական տաղավար են այցելել ՀԱՊԿ ղեկավար կազմը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարները, Ռուսաստանի ԶՈւ պաշտոնատար անձիք, բազմաթիվ մասնագետներ և քաղաքացիական անձինք:

«Հայաստանյան ձեռնարկությունների ներկայացրած ցուցանմուշները հետաքրքրություն են առաջացրել մասնագետների շրջանում: Ռուսաստանյան և բելառուսական որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ», - ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 11-ին հայկական պատվիրակությունը բելառուսական և ղազախական պատվիրակությունների հետ պարգևատրվել է «Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի» մրցանակով: