ՔԿ. Արագածոտնի մարզի բնակիչը ինքնասպանություն է գործել պայթուցիկ սարքը պայթեցնելու միջոցով

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտն մարզի բնակիչ Շ. Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ երեկ ժամը 2:50-ի սահմաններում տղամարդը գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: