Նավասարդյան. «Կոնսենսուս չի եղել և առայժմ այն չկա»

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, քաղաքացիական հասարակությունը երբեք չի հայտարարել, որ ինքը համաձայն է այն Ընտրական օրենսգրքի նախագծի հետ, որը ծնվել է 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում։

«Այդ կոնսենսուսն առայժմ տեղի չի ունեցել, թեպետ, երբ որ այդ 4+4+4-ով բանակցությունները գնում էին, կային պաշտոնական հայտարարություններ, նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչներն էին ասում, որ կոնսենսուսը եղավ, բայց իրականում, քաղաքացիական հասարակությունը երբեք չի հայտարարել, որ ինքը համաձայն է այն Ընտրական օրենսգրքի նախագծի հետ, որը ծնվել է այդ բանակցությունների արդյունքում, մանավանդ, որ զուգահեռաբար այդ ձևաչափով չքննարկվող դրույթների մեջ մտցրեցին այն հիմնական փոփոխությունները, զուգահեռաբար, որոնք այսօր մտահոգություն են առաջացնում», - ասաց Նավասարդյանը ՝ մեկ անգամ ևս ընդգծելով. - «Այնպես որ կոնսենսուս չի եղել և առայժմ այն չկա»։

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով, թերևս դա է պատճառը, որ իշխանությունները փորձում են ինչ-որ նոր զիջումների գնալ, որպեսզի կարողանան ասել, որ Ընտրական օրենսգիրքը կամ դրա հիմնական սկզբունքային դրույթները համաձայնեցված են քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ։

«Այն պարտավորությունները, որոնք վերցված էին և նույնիսկ քվեարկված էին Ազգային ժողովում այս տարվա հունիսին, փաստորեն, իշխանությունները դրանցից հրաժարվում են, ուրեմն, դրանց փոխարեն մի նոր շատ կարևոր կետ պետք է մտցվեր, և քանի որ երևի, եթե մենք վիճակագրական վերլուծություն անենք, բոլորից շատ խոսուն է ցուցակների հրապարակումը, և դա այն թեման է, որ կարող է տպավորություն թողնել և՛ Հայաստանի ներսում, և՛ միջազգային կառույցներում», - ասաց Նավասարդյանը։

Ըստ Երևանի մամուլի ակումբի ղեկավարի, ամեն դեպքում ընտրությունների լեգիտիմությունը իշխանությունների համար շատ կարևոր է և այդ լեգիտիմություն ապահովվում է և՛ ներսից, և՛ դրսից։ «Մենք արդեն վաղուց լսում ենք, որ միջազգային կառույցները կընդունեն, որ օրենսդրական շրջանակները ընտրությունների անցկացման հասցվել են կոնսենսուսի հիմնական խաղացողների միջև՝ և՛ քաղաքական ընդդիմությանը, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, ուրեմն իշխանությունները, որպեսզի այդ լեգիտիմությունը ստանան, իսկ լեգիտիմությունը նշանակում է նաև այդ միջազգային կառույցների շարունակական աշխատանքը, ֆինանսական աջակցությունը և այլ, և այլն, պետք է երկխոսություն վարել կամ պետք է ինչ-որ ձևով հիմքեր ունենալ ասել, որ կոնսենսուսը տեղի է ունեցել», - ասաց Նավասարդյանը։