«Ռուսաստանը սոսկ նավթային երկիր է, բայց միջուկային զենքով»

«Ռուսական ֆորում» միջազգային համաժողովի մասնակիցներ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Փոլ Կրուգմանը, Մոսկվա, 2-ը փետրվարի, 2012թ.

Նոբելյան մրցանակի դափնեկրի համոզմամբ, «Պուտինի տնտեսական նվաճումները խղճուկ են»:

Ամերիկացի աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, էկոնոմիկայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը Միացյալ Նահանգներում լույս տեսնող The New York Times-ում հրապարակած անդրադարձում նշում է, որ հարկ է անկեղծ լինել և փաստել. 2016 թվականի Ռուսաստանը 1986 թվականի Խորհրդային Միությունը չէ, թեպետ ունի գրեթե նույն տարածքը և ղեկավարների թվում դեռ կան «տկարամիտներից մի քանիսը»:

Բայց այլևս չկան ո՛չ մարքսիստական գաղափարախոսությունը, ո՛չ էլ գերտերության կարգավիճակը:

«Այսօր Ռուսաստանը սոսկ նավթային երկիր է, ճիշտ է, շատ մեծ տարածքով և միջուկային զենքով: Ես այդ ամենը նշում եմ, քանի որ շատերին է թյուրիմացության մեջ գցել Վլադիմիր Պուտինի հասցեին Դոնալդ Թրամփի շռայլած գովասանքը, որն, ի դեպ, արտացոլում է աջակողմյան դիրքորոշմամբ մարդկանցից շատերի տեսակետը», - գրել է Կրուգմանը:

Այդ մոտեցումը պարզաբանելու համար ամերիկացի տնտեսագետը հիշեցնում է, որ Պուտինն իշխանության գլուխ է անցել 1999 թվականին, երբ Ռուսաստանն առաջին քայլերն էր անում տնտեսական ծանր ճգնաժամից դուրս գալու համար:

Պուտինի ղեկավարման առաջին 8 տարիներին գրանցվել է տնտեսության արագ աճ: Սակայն այդ աճն ունի ընդամենը մեկ բացատրություն՝ նավթ:

«Պուտինը կունենար ինչ-որ բանով պարծենալու իրավունք միայն այն դեպքում, եթե կարողանար բազմազան դարձնել արտահանումը: Դա հնարավոր էր, քանի որ հին ռեժիմից մնացել էին հրաշալի կրթություն ստացած, պատրաստված մեծ թվով կադրեր», - նշում է Կրուգմանը՝ ընդգծելով, որ նախևառաջ Ռուսաստանից ներգաղթածների շնորհիվ է գրանցվել Իսրայելի տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացը:

Բայց Ռուսաստանը չի կիրառում տեխնոլոգիական կարողությունը, քանի որ այդ երկրում բիզնեսի հաջողությունը երաշխավորում են միայն քաղաքական կապերը:

«Եվ այսպես, տնտեսության կառավարման հարցում Պուտինը որևէ տպավորիչ բան չի արել: Ի՞նչ ասել նրա լիդերության մյուս հանգամանքների մասին: Այո՛, ռուսներն ունեն մեծ բանակ, որը կարողացավ գրավել Ղրիմը և սատարել անջատականներին Ուկրաինայի արևելքում, բայց բռունցքներով թափահարելը ռուսներին ոչ թե ավելի ուժեղ, այլ ավելի թույլ է դարձնում»,- գրել է Կրուգմանը:

Նրա համոզմամբ, Ղրիմում ապրում է ավելի քիչ մարդ, քան Քուինզում կամ Բրուքլինում [Նյու Յորքի թաղամասեր], տնտեսական առումով Ղրիմը դարձել է ոչ թե նվաճում, այլ բեռ, բռնակցումը ավերիչ հարված է հասցրել զբոսաշրջությանը, որն այդ տարածքի տնտեսության հիմքն էր:

«Երբ Թրամփը և մյուսները գովում են Պուտինին, անվանում են «հզոր լիդեր», նրանք բնավ նկատի չունեն այն, որ Պուտինը կարողացել է Ռուսաստանը նորից դարձնել գերտերություն, որովհետև այդպիսի բան չի եղել: Տնտեսական բնագավառում նա ունի խղճուկ նվաճումներ: Բայց մի հարցում նա հաջողության հասել է․ նա կարողացել է ճնշել երկրի ներսում իր բոլոր քաղաքական մրցակիցներին: Եթե ընդդիմանում ես Պուտինին, կարող ես բանտում հայտնվել և նույնիսկ նահատակվել», - սա է, ըստ Կրուգմանի, Պուտինի միակ իրական «նվաճումը»: