ԿՀՎ. Ռուսաստանը հաքերային հարձակման լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար

ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) զգուշացնում է, որ Ռուսաստանը հաքերային հարձակման լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար՝ ընդգծելով, որ այդ երկիրը «բացառիկ զարգացած կիբերկարողություններ ունի»:

ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը այս մասին հայտարարել է CBS հեռուստատեսության Face The Nation հաղորդման ընթացքում՝ մեկնաբանելով Դեմոկրատական կուսակցության Ազգային խորհրդի համակարգիչների դեմ իրականացված հաքերային հարձակումը: Բերնանը, սակայն, ուղղակիորեն Մոսկվային չի մեղադրել Դեմոկրատական կուսակցության դեմ այդ հարձակման համար:

«Մենք պետք է շատ և շատ զգույշ լինենք, հաշվի առնելով, այն թե ինչի են ընդունակ ռուսները կիբեր-տարածքում տեղեկատվություն հավաքելու առումով, ինչպես նաև այդ տեղեկատվությունը օգտագործելու առումով», - ասել է ԿՀՎ ղեկավարը:

Ռուսական հաքերային հարձակումների խնդիրը ամերիկյան նախագահական ընտրարշավի առանցքային թեմաներից մեկը դարձավ այն բանից հետո, երբ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը հաստատելու նպատակով հրավիրված Դեմոկրատական կուսակցության համաժողովից առաջ Wikileaks կայքը հրապարակեց Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների նամակագրությունը: Հրապարակված փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը սևացրել է կուսակցին՝ Քլինթոնի մրցակից, նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսին և նրա նախագահական ընտրարշավը խոչընդոտելու ուղիներ փնտրել։