Պաշտոնական Երևանը ողջունում է Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, և, որպես անհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններ կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը և դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
«Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար», - նշել է Տիգրան Բալայանը։