Թաթոյան. ԼՂ-ում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյան, ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան, ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյան

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը:

Ղարաբաղի Ազգային ժողովի փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ:

Հայաստանի օմբուդսմենը նշել է, որ Ղարաբաղում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձևավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ:

Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը և Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: