Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ, նիստում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրությունների ընթացքը:
«Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհուրդը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականին, գտնում է, որ գործընթացը սպասելի էր, սակայն, միևնույն ժամանակ համարում է, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ինքնանպատակ չլինի, քանզի Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում անհրաժեշտ են արմատական և կտրուկ փոփոխություններ, որոնք կարճաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն խիստ կոնկրետ արդյունքներ և զարգացում», - ասված է հաղորդագրությունում:
«Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ընտրական գործընթացի վերահսկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման այլ մեխանիզմներին: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունն ունի անհրաժեշտ ռեսուրսները և վճռականությունը տեղամասերում ընտրակեղծիքների և խախտումների դեմ պայքարելու համար», - հայտնում է կուսակցությունը՝ նշելով, որ կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև ներկուսակցական կազմակերպչական այլ հարցեր: