Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնում հարկային և մաքսային ոլորտներում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դաուլետ Երգոժինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, երկու երկրների ՊԵԿ ղեկավար անձնակազմերի աշխատանքային հանդիպման առանցքը եղել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում հայ-ղազախական գործակցությունը:

ՀՀ և ՂՀ ՊԵԿ պաշտոնակիցներն անդրադարձել են նաև հայաստանյան և ղազախական այն ռեզիդենտների հետ կապված հարկային տեղեկատվության փոխանակման խնդիրներին, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում և եկամուտներ ստանում մյուս երկրի տարածքում: Բացի այդ ուսումնասիրվել են տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների գծով տեղեկատվության փոխանակման հարցերը՝ հաշվետվությունների ներկայացումից ու հաշիվների դուրսգրումից մինչև ապրանքների դրոշմապիտակավորում: Կողմերը դիտարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարը: Հանդիպման ավարտին Հովհաննես Հովսեփյանը և Դաուլետ Երգոժինը քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: