Խոսրով Հարությունյան․ Վարչապետն ինքնակամ է հրաժարվել պաշտոնից

1992-1993-ին վարչապետ աշխատած Խոսրով Հարությունյանը, ով այժմ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է, պնդում է, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին ոչ թե պաշտոնանկ են արել, այլ նա ինքնակամ է հրաժարվել այդ պաշտոնից՝ ճանապարհ բացելով նոր նախաձեռնությունների համար:

«Ազատություն»․ - Ի՞նչ չկարողացավ անել Հովիկ Աբրահամյանը, որ ի զորու է իրականացնել Կարեն Կարապետյանը:

Խոսրով Հարությունյան․ - Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ: Դուք այդ հարցի պատասխանը կարող եք պահանջել հենց իրենցից: Ես կարող եմ ասել մի բան, որ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, առավելագույնս փորձում էր այն շատ անկանխատեսելի, երբեմն իրարամերժ աշխարհատնտեսական պայմաններում, երբ արտաքին տնտեսական, քաղաքական ազդեցությունները շատ էական էին, ինքը փորձում էր այդ պայմաններում, այդուհանդերձ, հանրային կյանքի բնականոն ընթացքը ապահովել, բայց պարզվեց, որ հանրության սպասելիքները ավելին էին:

«Ազատություն»․ - Ձեր գործընկերներից Վազգեն Մանուկյանը հետևյալ մեկնաբանությունն է անում, որ Հովիկ Աբրահամյանը թերևս չկարողացավ այդ համակարգային խնդիրները լուծել, պայքարել, որովհետև հենց նա էլ այդ համակարգի մի մաս էր կազմում:

Խոսրով Հարությունյան․ - Երբ ասում եք համակարգ և համակարգի մաս՝ մինչև չմեկնաբանեք, ես չեմ հասկանա ինչի մասին է խոսք գնում: Որովհետև եթե մենք խոսում ենք, ասենք, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին, քայլեր կատարվել են իշխանությունների կողմից, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից: