Վարչապետը երկրում փոփոխություններ կատարելու համար պետք է կարողանա իշխանական որոշ հատվածների, այդ թվում` նաև համակարգի դեմ գնալ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց 1990-1991 թվականներին Հայաստանի վարչապետ, այսօր արդեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Վերջինիս համոզմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը գործող համակարգի մաս չի եղել, ապա նրան շատ ավելի հեշտ կլինի պայքարել այդ համակարգի դեմ:
«Ազատություն». - Պարոն Մանուկյան, շատերը հետևյալ հարցադրումն են անում, որ «ի՞նչ է կարողանալու փոխել Կարեն Կարապետյանը` ինչպիսի դրական հատկանիշներ էլ որ նա ունենա, երբ որ համակարգը գործում է, գործել է և շարունակում է գործել նույնությամբ, այսինքն՝ նույն այդ մոնոպոլիաները, նույն կոռուպցիոն սխեմաները, ազատ մրցակցության բացակայությունը»։ Ի՞նչ պետք է անի այդ համակարգային խնդիրների պարագայում Կարեն Կարապետյանը։
Վազգեն Մանուկյան. - Ուժեղ անձը նրա համար է, որ համակարգային փոփոխություններ մտցնի։ Անձից շատ բան է կախված, վերջիվերջո համակարգը ովքե՞ր են ստեղծում՝ համակարգերը ստեղծում և քանդում են անձերը, թիմերը։ Այս տեսակետից, երբեք վարչապետի ազատության աստիճանը ո՛չ մեր երկրում, ո՛չ աշխարհում չի լինում անվերջ մեծ, բայց լինում է բավականին մեծ լյուֆթ, և այդ լյուֆթի մեջ ինքը կարողանում է իրականացնել իր ծրագրերը։
«Ազատություն». - Բայց չէ՞ որ համակարգի նաև հիմքերում հենց իշխանության ներկայացուցիչներն են շատ դեպքերում նստած։
Վազգեն Մանուկյան. - Ինչ անենք, ինքը պետք է կարողանա իշխանական որոշ հատվածների էլ դեմ գնալ, բա վարչապետն ի՞նչի համար է։ Վարչապետը տեխնիկական աշխատող չէ, վարչապետը քաղաքական դեմք է, իշխանական համակարգը դա միասնական ինչ-որ մի հատ համակարգ չէ, իշխանական համակարգը բաղկացած է տարբեր շերտերից, տարբեր շահերից և, վարպետորեն օգտագործելով հակասությունները, վստահություն ձեռք բերելով հասարակության մոտ, ինքը կարող է շատ մեծ փոփոխություններ մտցնել։ Այդ դեպքում վարչապետ պետք չէր լինի, մի հատ ինժեների կամ տնտեսագետի կնշանակեիր վարչապետ և ինքն այդ ամեն ինչը կաներ՝ համակարգին առանց ձեռք տալու։
«Ազատություն». - Այսինքն, կարծո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանը կկարողանա, օրինակ, դեմ գնալ օլիգարխներին։
Վազգեն Մանուկյան. - Ես չեմ իմանում կկարողանա, թե՝ չէ։ Ես բայց ցանկանում եմ, որ կարողանա։
«Ազատություն». - Հովիկ Աբրահամյանին ինչո՞ւ դա չհաջողվեց անել։
Վազգեն Մանուկյան. - Դժվարանում եմ ասել, բայց ինքը ավելի շատ էր համակարգի հետ կապված, ինքը տարիների ընթացքում համակարգի մարդ էր, և նույնիսկ, եթե հասկանում էր, որ ինչ-որ բան պետք է փոխել, իրեն շատ ավելի դժվար էր, քան այն մարդու համար, որը կողքից է գալիս։ Կողքից եկած մարդն ունի առավելություն։
«Ազատություն». - Այս դեպքում Կարեն Կարապետյանը քանի որ համակարգի մարդ չէ, իրեն ավելի հե՞շտ է լինելու պայքարել այդ համակարգի դեմ։
Վազգեն Մանուկյան. - Իհարկե, իհարկե։