Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում ս․թ․ մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում ս․թ․ հունիսի 20-ին կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ - ադրբեջանական սահմանին ու շփման գծում ընթացիկ իրավիճակը»:
Համանախագահները, հիշեցնենք, այսօր խորհրդակցություն են անցկացնում Ռուսաստանի մայրաքաղաքում: