Ստոլտենբերգ. «Չեմ կարող ասել, թե երբ է Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու»

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կրկին խուսափում է հստակեցնել, թե երբ է Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալու: Դա պարզ դարձավ այսօր` Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի չորրորդ նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես ձեզ որևէ հստակ ժամանակացույց չեմ կարող մատնանշել, քանի որ դա հիմնված է ձեռքբերումների, արդյունքների և այն առաջընթացի վրա, որ կարձանագրի Վրաստանը: Բայց մենք արդեն իսկ լուրջ առաջընթացի և բազմաթիվ բարեփոխումների ականատեսն ենք դարձել` կառուցվածքային բարեփոխումներ, ընտրական համակարգի բարելավում, մամուլի ազատություն: Իհարկե [նշանակալի են] պաշտպանական և անվտանգության համակարգի բարեփոխումները», - հայտարարում էր Ստոլտենբերգը:

Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներին, սակայն, հետաքրքրում էր` արդյոք Ռուսաստանի գործադրած ճնշումն է, որ ստիպում է ՆԱՏՕ-ին ձգձգել Վրաստանի անդամակցության գործընթացը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, սակայն, նման հարցադրումն ինքնին ճիշտ չէ:

«Մենք պետք է համբերատար սպասենք և հաստատակամորեն շարժվենք դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն: Մենք հենց դրանով էլ զբաղված ենք այժմ: Վրացական բանակի, Վրաստանի ժողովրդավարական համակարգի բարեփոխումները` ահա թե ինչ է մեզ հարկավոր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - նշում էր Կվիրիկաշվիլին:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի համոզմամբ ևս Ռուսաստանի գործոնը Վրաստանի դաշինքի անդամակցության հարցում որևէ էական նշանակություն չունի: «Որոշողները դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանն են լինելու», - հայտարարում էր Ստոլտենբերգը:

«Ցանկացած ինքնիշխան, անկախ պետության՝ այդ թվում Վրաստանի հիմնարար իրավունքն է որոշել` ցանկանո՞ւմ է այն դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ: Կդառնա Վրաստանը դաշինքի անդամ, թե չի դառնա` դա որոշվելու է բացառապես ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների և Վրաստանի կողմից: Որևէ մեկը կողքից չի կարող վետոյի ենթարկել այդ գործընթացը կամ միջամտել դրան», - պնդում էր Ստոլտենբերգը:

Նրա համոզմամբ, այսօր Վրաստանը զգալիորեն առաջ է շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

«Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող պետություն, այսօր տիրապետում է գործնական բոլոր միջոցներին դաշինքի անդամակցությանը պատրաստվելու համար», - ավելի վաղ հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը` դիմելով ՆԱՏՕ - Վրաստան խորհրդի անդամներին:

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում, ի դեպ, կողմերը չեն սահմանափակվել զուտ ռազմական համագործակցության թեմաներով: Քննարկված թեմաներից մեկը դարձել են Վրաստանում հոկտեմբերի ութին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարության, ազատ և արդար կամարտահայտման ամենաբարձր չափանիշներին: Դա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ այն հիմնված է հստակ արժեքների` այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Վաղը ևս Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հանդիպումները Թբիլիսիում կշարունակվեն: Օրվա առաջին կեսին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համատեղ նիստ կանցկացնի Վրաստանի խորհրդարանի անդամների հետ: Կեսօրից հետո էլ Հավլաբարում գտնվող իր նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կընդունի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: