Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն արտաքսվել էր երկրից, ասաց, որ Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շապավալովի խոսքով, հատուկ ցուցակ թեպետ չկա, այդուհանդերձ, Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր, իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք:
Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Քաղաքագետին հետ էին ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով և մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում:
Գրիգորյանն արդեն դրական է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանն ընդունել է դիմումը և հարցը ուշադրության կենտրոնում է պահում: Ինչ վերաբերում է «սև ցուցակների» բացակայության մասին տեղեկատվությանը, ապա քաղաքական վերլուծաբանն այստեղ կասկածներ ունի:
«Գլխավոր դատավորը ժամանակն է, ժամանակը ցույց կտա, թե այս ձևի երևույթներ մենք կտեսնեք մեր հասարակական կամ քաղաքական գործիչների նկատմամբ, բայց այն, որ ինքը ասեց, որ իրենք դիմումն ընդունել են ու սպասում են արձագանքի, դա շատ կարևոր է: Քանի որ ես հիմա մտածում եմ՝ ես ինչ պիտի անեմ, ուզում եմ մեր մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը խնդրեմ, պարզ է, որ մենք պետք է գոնե ինչ որ պատասխան ունենք, որ մենակ եզրակացություններ չանենք», - ասաց Գրիգորյանը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցին ի պատասխան չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն:
«Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը», - ասաց Շապովալովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն էր Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում պահանջել Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքի կապակցությամբ:
Իրավիճակին իրավական գնահատակ տալով և արձագանքելով Շապովալովի դիտարկմանը, թե «Ռուսաստնը ինքշխան երկիր է և իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք»՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձեց՝երկու երկների միջև վիզային ռեժիմի խնդիր չկա և առնվազն տարօրինակ է, որ Ռուսաստանը այսպիսի վերաբերմունքն է ցուցաբերում իր ռազմավարական դաշնակցի քաղաքացու նկատմամբ:
«Ինքը ի սկզբանե արդեն հակասում է միջպետական պայմանագրին, որովհետև պայմանավորվել էին ինքնիշխան պետությունները, որ իրենց քաղաքացիները պետք է ազատ ելումուտ կատարեն: Այնտեղ չի գրված, որ այդ ելումուտը կարող է արգելվի ինչ-ինչ հանգամանքներով, չկա», - ընդգծեց Սաքունցը:
Իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո Ստեփան Գրիգորյանը կդիմի Ռուսաստանի դատարան, իսկ դիմումը մերժելու դեպքում արդեն Եվրադատարան:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Շապովալովի խոսքով, Գրիգորյանը «ազատ մարդ է և կարող է պաշտպանել իր իրավունքները յուրաքանչյուր օրինական միջոցով»:
Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդականը վստահ է՝ միջադեպը բացասական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Ես կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները ոչինչ չի կարող փչացնել: Իսկ հիմա մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը», - նշեց դեսպանի խորհրդականը: