Ըստ վերլուծաբանի, Ստեփանակերտի ճաշկերույթը քննարկման առարկա կդառնա Երևանում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան կապված է օրերս վրացական ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկության հետ, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ:

Սարգսյանի ու Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիյան համատեղ լուսանկարը սեպտեմբերի 2-ին Facebook սոցկայքում տարածել էր Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիյան: Պաշտոնական Երևանը կտրականապես հերքել էր Սարգսյան-Գաբնիյա հանդիպման մասին տեղեկությունները։

«Չեմ կարծում, որ այցը կապված լինի անմիջապես այդ միջադեպի հետ, որովհետև կարծում եմ, որ այցն ավելի շուտ էր պլանավորվել, և դրա մասին է վկայում նաև այն, որ մինչև Արցախ մեկնելը, Սերժ Սարգսյանը Վրաստանի նորանշանակ դեսպանին էր ընդունել և այդ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ «սիրով սպասում ենք Վրաստանի վարչապետին Երևանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունների ղեկավարները:

Բադալյանի կարծիքով, սակայն, Ղարաբաղի անկախության տարեդարձի կապակցությամբ ճաշկերույթը կդառնա քննարկման առարկա Երևանում։ «Դա իսկապես տհաճ միջադեպ էր, և, կարծում եմ, ընդհանրապես պաշտոնական Երևանի համար պետք է մտահոգիչ լիներ, որովհետև Սերժ Սարգսյանը փաստացի հայտնվել էր մի միջավայրում, որտեղ չճանաչված պետությունների նախագահներ էին, և կարծում եմ, այդ մակարդակը չէ, որ պետք է լիներ Արցախի անկախության տարեդարձին Հայաստանի նախագահի մասնակցության, այսպես ասեմ, միջավայրը», - ասաց վերլուծաբանը՝ նշելով, որ առաջինն այդ անակնկալից պետք է վրդովվեր պաշտոնական Երևանը։

«Իսկ ինչ վերաբերում էր Վրաստանի հետ հարաբերության մեջ նման միջադեպերին, կարծում եմ, դա իսկապես վտանգավոր է նույնիսկ Հայաստանի համար, և դրանք գործնականում պետք է բացառվեն, կարծում եմ», - ասաց Բադալյանը։

Անդրադառնալով այս պահին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, Բադալյանն ասաց. - «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, որպես հարևաններ և բացի հարևան լինելուց նաև որպես տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով ռազմավարական իմաստով շահընկերներ, այդ հարաբերությունները, իհարկե, իմ գնահատմամբ, բավական ցածր մակարդակի վրա են, բավական սուղ են՝ բովանդակային առումով, այդ հարաբերություններում տպավորություն կա, որ պաշտոնական Երևանն ու Թբիլիսին ընդհանրապես ընդամենը փորձում են չխոսել որևէ ավելորդ բան»:

Դա, ըստ վերլուծաբանի, պայմանավորվում է նրանով, որ «պաշտոնական Երևանը պարզապես անհանգստանում է Ռուսաստանի արձագանքից, որովհետև Ռուսաստանի համար հայ-վրացական հարաբերության խորքային զարգացումը ռազմավարական վտանգ է, ինչպես ընդհանրապես Հայաստանի համար այլընտրանքային որևէ այլ զարգացում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․