Աբրահամյանն ու Կվիրիկաշվիլին քննարկել են համատեղ ձեռնարկությունների հիմնումը

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաց բարձրաստիճան հյուրին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և հատկանշական է, որ հանդիպումների ժամանակ գերազանցապես ընդհանուր բնույթի անդրադարձ է եղել հայ-վրացական հարաբերություններին՝ խոսվել է «պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունների» և որ «վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև»:

Ինչ վերաբերում է նոր, կոնկրետ ծրագրերին, ապա միակ օրինակը, դարձյալ՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, հետևյալն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:

Թեև ընդունելով Կվիրիկաշվիլին նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում հայ-վրացական հարաբերություններին, սակայն ընդամենը օրերս մի նոր սկանդալ էր ծագել երկկողմ հարաբերություններում, երբ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված պաշտոնական ճաշկերույթին ներկա են եղել և՛ Հայաստանի նախագահը, և՛ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Չնայած հետո Երևանը հերքեց, որ նախագահ Սարգսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանը չկարողացավ ռազմավարական տեսլական մշակել Վրաստանի հետ․ Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, նման միջադեպերը վնասում են հայ-վրացական հարաբերությունները և ուղղակի դեմ են Հայաստանի ազգային շահերին:

«Միանշանակ, դա Հայաստանին պետք չէ: Ինձ մտահոգում է, որ վերջին շրջանում Ղարաբաղը չափազանց շատ է ներգրավվում պրոռուսական սադրանքների մեջ: Հիշենք անցած տարվա միջադեպը Գալուստ Սահակյանի հետ կապված, երբ կրկին լուսանկար հրապարակվեց անջատողական տարածքի ղեկավարի հետ: Հիշենք նաև Ստեփանակերտում համերգը Ղրիմի անկախության հետ կապված: Սա մի տեսակ ազդանշան է Մոսկվային, որ տեսեք, մենք մեր բոլոր ուղերձներում առավելապես սատարում ենք ռուսական քաղաքականությանը», - ասաց Սաֆարյանը:

Հատկանշական է, որ Գիորգի Կվիրիկաշվիլին Երևան է ժամանել Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ (կայանալու են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին) և Բաքու կատարած իր այցից ընդամենը օրեր անց (Բաքվում էր օգոստոսի 31-ին):

Ըստ Սաֆարյանի, անկախությունից ի վեր Հայաստանն այդպես էլ չկարողացավ ռազմավարական տեսլական մշակել Վրաստանի հետ հարաբերություններում:

«Առավելագույնը, որ մենք դիտարկում ենք Վրաստանին, դա որպես տարածք, որպես մեր հյուսիսային մուտք դեպի Ռուսաստան կամ Սև ծով դուրս գալու համար: Հավատացեք, սա շատ քիչ բան է ռազմավարական տեսլականի առումով, որովհետև երկու երկրները խորքային առումով ընդհանուր շահեր ունեն Եվրամիության և եվրոպական քաղաքակրթական դաշտի հետ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաֆարյանը: