Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց»

Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց», 5-ը սեպտեմբերի, 2016թ․

Արդեն երկրորդ անգամ ոտքերի վիրահատության ենթարկված «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, շուրջ մեկ շաբաթ «Էրեբունի» հիվանդանոցում մնալուց հետո այսօր կրկին տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Բակում հավաքված հարազատներն ու ընկերները ծափերով դիմավորեցին նրանց․ այսօր Աշոտ Պետրոսյանի 50-ամյակն է:

«Ողջունեցի ուղղակի: Շատ լավ էր, առույգ, ամուր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանի որդին:

«Ազատության»-ը հաջողվեց կարճ հարց ուղղել նրանց՝ ձեր պայքարն ավարտված եք համարո՞ւմ, և ինչո՞ւ դիմեցիք այդ քայլին․

«Ոչ [ավարտված չեմ համարում], հայրենիքը չեմ ուզում կորցնել», - ասաց Արամ Մանուկյանը:

ՊՊԾ գնդի տարածքում ոտքերի հրազենային վիրավորում ստացած Պետրոսյանի ու Մանուկյանի առողջական վիճակը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը բավարար գնահատեց, ասաց, որ սա նրանց վերջնական վիրահատությունն է: Կատարվել է ոսկրային բեկորների և կոտրվածքի ֆիքսում՝ հատուկ մետաղային հարթակով:

«Վիրահատությունները հաջող են անցել: Վաղ հետվիրահատական շրջանում մենք բարդություններ չենք ունեցել: Երկրորդ օրվանից մենք հիվանդներին՝ երկուսին էլ նստացրել ենք և սկսել ենք քայլեցնել: Հիմա իրենք հենակներով կարողանում են քայլել, և օրեցօր քայլելու քանակը և ժամկետը ավելանալու է», - ասաց Մանուկյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մանուկյանի խոսքով՝ առաջիկայում նաև Պավլիկ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը պետք է իրենց մոտ տեղափոխվեն: Պավլիկ Մանուկյանը նույնպես ոտքի վերջնական վիրահատման կենթարկվի՝ մետաղային հարթակի միջոցով կֆիքսվի նրա կոտրվածքն ու ոսկրային բեկորները, իսկ Հովհաննեսին հետազոտման ենթարկելուց հետո կպարզվի՝ վիրահատելու ենթակա է, թե ոչ:

«Ազատության» հետ զրույցում բժիշկը վստահեցրեց՝ Հովհաննես Հարությունյանի ու Աշոտ Պետրոսյանի մոտ վիրահատությունից հետո ոտքերի կարճացում չի լինի, իսկ Պավլիկ Մանուկյանի դեպքում՝ դժվարացավ հստակեցնել:

«Ցանկացած բեկորային կոտրվածքի ժամանակ՝ կլինի դա Պավլիկի մոտ, կամ կլինի դա ուրիշի մոտ, կլինի դա հրազենային վնասվածք կամ կլինի դա ավտովթարից հետո, բեկորների վերականգնման ժամանակ կա տենց խնդիր, որ կարող է ինչ-որ կարճացում լինի: Դա կախված է իր բեկորների դիրքից և դրանց համադրման հետ»:

«Արամի և Աշոտի վիրահատությունը ոչ մի կարճացման չի բերի, դա փաստ է: Պավլիկի մասին մենք պետք է խոսենք վիրահատությունից հետո, և եթե լինի, դա շտկվող խնդիրներ են», - նշեց Միքայել Մանուկյանը:

Բժշկի խոսքով, վիրավորների վիճակը բավարար է, ու դատապարտյալների հիվանդանոցում անհրաժեշտ պայմաններ կան վերականգնողական փուլն անցնելու համար, Աշոտ Պետրոսյանի փաստաբանը, սակայն, այդ կարծիքին չէ․ - «Իմ կարծիքով, ևս մի քանի օր լավ կլիներ, որ ինքը մնար «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ մասնագիտական բուժօգնության կարիք ունի ինքը, բայց ամեն դեպքում բժիշկներն են երևի որոշել․․․ Ինքը մեծ հաշվով որևէ տարբերություն չի տեսնում, թե որտեղ կլինի: Ինքը ասում է՝ ես գտնվում եմ իմ հող ու ջրի վրա, ես ինձ շատ լավ եմ զգում և շարունակում եմ կրել այն գաղափարները, որի համար մենք սկսել ենք»: