Տնտեսագետ․ Մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ պարզ էր, որ ՌԴ-ի հետ առողջ միություն կազմել հնարավոր չէ

ԵԱՏՄ խորհրդանիշը

Երեք տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը:

Մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշումը, որով Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, կործանարար էր հայ ժողովրդի համար, կարծում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Դա քաղաքական որոշում էր, որը քայքայեց Հայաստանի՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող տնտեսությունը։

«Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է միաժամանակ և՛ պատժամիջոցների տակ, և՛ գազի ու նավթի գները համաշխարհային շուկայում անկում են ապրել, նման տնտեսական հարաբերություններն իհարկե ոչ թե օգտակար, այլ վնասաբեր են մեր տնտեսության համար»,- ասաց Փոստանջյանը:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը: Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը, փաստորեն, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող ասոցացման համաձայնագրի կնքումից:

2015-ի հունվարի 1-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ պետություն։ Տնտեսագետ Բաբկեն Թունյանի կարծիքով, անդամակցությունն այդ կառույցին չի նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ «Ներդրումների, արտաքին առևտրի, տրանսֆերտների, մաքսային տուրքերի և այլ ուղղություններից որևէ մեկով զգալի առաջընթաց չունենք, որը պայմանավորված կլիներ ԵԱՏՄ անդամակցությամբ»,- ասում է Թունյանը:

Նրա խոսքով, մինչև անդամակցելն էլ պարզ էր, որ Ռուսաստանի հետ առողջ միություն կազմել հնարավոր չէ՝ «Մենք անդամակցում ենք մի միության, որտեղ ժողովրդավարության, օրենքի գերակայության չափանիշները զիջում են անգամ մեր երկրի չափանիշներին, այդ հիմքի վրա առողջ տնտեսություն կառուցել ուղղակի հնարավոր չէ»:

Ապահովե՞ց արդյոք անդամակցությունը ԵԱՏՄ ին հայաստանցի գործարարի համար նոր՝ ավելի նպաստավոր պայմաններ։ Կարծիք են հայտնում կոնյակի արտադրությամբ զբաղվող «Արեգակ» ընկերության ղեկավար Նաիրա Պապոյանը և բնական հյութերի, պահածոների արտադրություն ունեցող «Սիս» նատուրալ ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը՝ «Փաստաթղթային պրոբլեմներ կային, լուծվել են։ Առանձնապես առավելություն չկա», «Էական փոփոխություն չի եղել»: