Շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հայ դիրքապահը՝ մարտական հենակետում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդմամբ, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, երեկ ժամը 23:30-ի սահմաններում, բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

«Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ: