«Լրագրողն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի» գործով դատական նիստն արդեն երկրորդ անգամ հետաձգվեց: Լրագրող Սիրանույշ Պապյանը, հիշեցնենք՝ պնդում է, որ Վլադիմիր Գասպարյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով Սիրանույշ Պապյինի հարցին, թե ՝ ինչո՞ւ հասարակությունը չի տեսնում ոստիկանության բարեփոխումները, պատասխանել էր՝ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»։
Լրագրողի փաստաբան Դավիթ Ասատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց ՝ հրապարակավ ներողություն խնդրելուց բացի ևս երկու պահանջ են ներկայացրել ոստիկանապետին:
«Խնդրում ենք դատարանից, որպեսզի ճանաչի և հաստատի հայցվորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը, այսինքն՝ նրա ազատ խոսքի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խոչընդոտելու փաստը: Մյուս պահանջը այն է, որ խնդրում ենք դատարանին ճանաչել և հաստատել այն փաստը, որ իմ վստահորդը ենթարկվել է գենդերային խտրականության, այսինքն՝ սեռի հատկանիշով նրա իրավունքները սահմանափակվել են կամ խոչընդոտվել», - պարզաբանեց փաստաբանը:
Այսօրվա դատական նիստն էլ հետաձգվել է հենց այդ պատճառով՝ պատասխանող կողմն այդ հայցի լրացման համար դատարանից ժամանակ էր խնդրել:
Ապրիլին 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո, ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր․ - «Վլադիմիր Գասպարյանի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»:
Ոստիկանությունը հրաժավեց այս թեմայով որևէ այլ մեկնաբանություն տրամադրել:
Լրագրողի ներկայացուցիչ Միհրան Աղաբաբյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք ուսումնասիրել են այդ տեսագրությունն ու եզրահանգել՝ ոստիկանապետը միտումնավոր է վիրավորել լրագրողին:
«Մենք էլ հայցի լրացման մեջ անդրադարձել ենք նույն այդ դիրքորոշմանը: Մենք գտնում ենք, որ խախտում տեղի ունեցել է, դա միտումնավոր վիրավորելու, պատիվը, արժանապատվությունը արատավորելու նպատակ է ունեցել», - ասաց Աղաբաբյանը:
Ինքը՝ Սիրանույշ Պապյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս թեմայով այլևս հարցազրույցներ չի տալու, դատարան չի ներկայանալու: - «Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, բոլոր հարցերին կպատասխանի փաստաբանը: Սա ոչ միայն իմ խնդիրն է, այլ ամբողջ լրատվական դաշտի» ,- ասաց Պապյանը:
Ի դեպ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով էթիկայի հանձնաժողով ուղարկված Սիրանույշ Պայանի դիմումը շուրջ 5 ամիս է ինչ վարույթ չի ընդունվել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում այս մասին որևէ տեղեկություն այսօր չկար, իսկ հանձնաժողովի միակ հեռախոսին ողջ օրվա ընթացքում ոչ ոք չպատասխանեց:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին: