Դավիթ Բաբայան․ «Ճանաչումը կարևոր է, բայց մենք արդեն իսկ դե ֆակտո անկախ ենք»

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարվա ամենամեծ ձեռքբերումը այն է, որ «Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ, ինքնուրույն, ինքնիշխան ժողովրդավարական պետություն կայացել է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Երբ 25 տարի առաջ հռչակվեց Արցախի Հանրապետությունը, հռչակվեց շատ ծանր պայմաններում՝ Ադրբեջանի շրջափակման, ագրեսիայի, կոտորածների, այնուհետև լայնածավալ պատերազմ սկսեց Ադրբեջանը Արցախի դեմ: Բայց ազգային ազատագրական պայքարը բերեց տրամաբանական զարգացման, և ստեղծվեց Արցախի Հանրապետությունը: Այնուհետև սկսեց ապաքինվել այդ հասցրած վնասից, տնտեսությունը արդեն տեղափոխվեց խաղաղ հունի վրա, նորմալ ձևով զարգանում է», - ասաց Բաբայանը՝ շարունակելով․ -
«Իհարկե, կան լուրջ խնդիրներ, կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն: Գիտեք, բացթողումներ այդպիսին․․․ միգուցե նշենք խնդիրներ: Օրինակ՝ կարգավորված չէ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտությունը, դեռևս անելիքներ ունենք նաև տնտեսությունը ավելի զարգացնելու, չնայած որ կարելի է ասել, որ հիմնովին նոր տնտեսության ճյուղեր են հիմնադրվել Արցախում, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը, հիդրոէներգետիկան»:

«Արցախում նշում են անկախության 25-ամյակը, թեև որևէ պետություն դեռևս չի ճանաչել Արցախի անկախությունը: Սրան ինչպե՞ս եք արձագանքում, ըստ Ձեզ՝ սա ղարաբաղցիներին անհանգստացնո՞ւմ է», - այս հարցին ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյան արձագանքեց․ - «Այդ անկախությանը դե ֆակտո մենք հասել ենք մեր տղաների արյան գնով, իսկ դա գին չունի: Ինչ վերաբերում է տարբեր պետությունների կողմից մեր հանրապետության ճանաչմանը, ապա դա լոկ ժամանակի խնդիր է: Եվ այստեղ մենք գիտենք, որ շատ աշխարհաքաղաքական խնդիրներ կան, բախվում են տարբեր շահեր՝ էդ է պատճառը: Բայց տեսեք՝ ինչ զարկ է ապրել ճանաչումը նահանգային, օրինակ, մակարդակում, տեղական ինքնակառավարման, օրինակ՝ Լոս Անջելես քաղաքը, որը մեգապոլիս է, աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն է, ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Այսինքն, աստիճանաբար գնում է: Այո, մեզ ճանաչել են նաև երեք կիսաճանաչված երկրներ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, ժամանակ կգա՝ կճանաչեն նաև այլ երկրներ»:

Բաբայանն ընդգծեց, որ ճանաչումն իրենց համար ճանաչումը ինքնապատակ չէ․ - «Բարեբախտաբար, մենք այդ չճանաչված լինելու բարդույթից վաղուց արդեն ձերբազատվել ենք: Մենք ուզում ենք, որ ճանաչված լինենք, բայց մեր ժողովուրդը չի ընկճվում, որ դեռևս ճանաչված չէ: Ի վերջո, ճանաչումը այլ պետությունների կողմից, իհարկե, կարևոր է, բայց մենք արդեն իսկ դե ֆակտո անկախ ենք և ինքնուրույն ենք մեր ճակատագիրը որոշում»: