Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված և իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հինգշաբթի օրը Պոտսդամում ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել և համաձայնեցվել էր այս հանդիպումների շրջանակներում` 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում»:
«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը: «ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում», - շեշտել է նա՝ շարունակելով․ - «Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը»:
«Հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և՛ հակամարտությունների կառավարման, և՛ դրանց կարգավորման հիմքում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նալբանդյանը նշել է, որ սպառազինությունների վերահսկողության արդյունավետ ռեժիմը և դրա լիարժեք իրականացումն առանցքային են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի գործնական կիրառությունն ապահովելու առումով:
Հայաստանը, նրա խոսքով, մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: «Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Մենք գնահատում ենք Վիեննայի փաստաթղթի արդիականացմանն ուղղված ջանքերը: Բայց նաև պետք է առավել քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու ներկայիս Վիեննայի փաստաթղթի և սպառազինությունների վերահսկողությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների իրականացումը: Մենք բարձրաձայնել ենք Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների, ներառյալ` զորավարժությունների և տեսչական ստուգումների հայտագրման շարունակական խախտումների մասին»: