Բերքաբերցի բազմազավակ ընտանիքը պարտքով վերցրած գումարով է երեխաներին դպրոց ուղարկել

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի 42 աշակերտներից 6-ը Ոսկանյանների ընտանիքից են։

Նրանց 8 երեխաներից 6-րդը՝ Արան, այսօրվանից առաջին դասարանցի է, սակայն անհրաժեշտ գրենական պիտույքներ ու պատշաճ հագուստ ունի։

Արայի առաջին դպրոցական համազգեստը մինչև նրան հասնելն այլ տեր է ունեցել։ Միակ նոր իրը մարզակոշիկներն են, մնացած հագուստը օգնություն է։

«Կոշիկի տեղը տապըչկա ֆիզկուլտի, որ համ էն լինի, համ էն․․․ Մի էրկու բան, ուրիշ չեմ կարացել առնեմ: Բազարի մի աշխատող կնիկ կա, Անուշ ա անունը, իրա թոռան շորերն էր բերել, արդեն տարիքից դուրս եկել, էս շորերն ա», - պատմեց Արայի հայրը:

Ընտանիքի մայրը՝ Իրինա Ոսկանյանը հաշվել է, թե 6 երեխա դպրոց ճանապարհելու համար մոտավորապես որքան գումար է հարկավոր․ - «Իրեք հարյուր հազար կնստի»:

Անհրաժեշտ գումարի մեկ վեցերորդն են հատկացրել երեխաներին դպրոցին պատրաստելու համար, այն էլ՝ պարտքով։

Սահմանամերձ Բերքաբերում ապրող բազմազավակ ընտանիքի հայրն աշխատանք չունի։ Ապրուստի միակ միջոցը մի քանի հավն ու այծն են և 70 հազար դրամ պետական նպաստը։

Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Փաշիկ Աղամյանն ասում է, որ գյուղում այլ անապահովներ էլ կան, սակայն ամենից վատ վիճակում Սամվել Ոսկանյանի ընտանիքն է․ - «Դասագրքերի կամ այլ հարցերով՝ ճաշարանի, բանի, մենք էդ գումարները չենք վերցնում նրանցից»:

Ոսկանյանների ավագ դուստրը 15 տարեկան է, փոքրը՝ 11 օրական։ Սամվել Ոսկանյանն ասում է՝ շատերն են խոստանում օգնել ու մոռանում, սակայն նա ոչ այնքան օգնություն է ակնկալում, որքան ցանկացած աշխատանքի առաջարկ։