Մակեդոնիայի քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել դեկտեմբերի 11-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում՝ երկրում 18 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Համաձայնությունը ձեռք է բերվել մայրաքաղաք Սկոպյեում օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ շուրջ 6 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում:
Իշխող պահպանողականները ընդդիմության հետ համաձայնության են եկել նաև ընտրական գործընթացը վերահսկող միջկուսակցական մարմին ստեղծելու, ինչպես նաև ընտրություններից 100 օր առաջ ժամանակավոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ:
Բալկանյան այս պետությունը քաղաքական ճգնաժամ է ապրում 2015-ի փետրվարից, երբ այդ երկրում սկանդալ ծագեց հազարավոր մարդկանց խոսակցությունների անօրինական գաղտնալսումների շուրջ: