Քիչ առաջ աղավնաձորցիների հետ հանդիպեցին Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը:
Մարզպետը գյուղացիներից ևս 15 օր ժամանակ խնդրեց, որպեսզի գործարանը կարողանա մարել 440 միլիոն դրամի պարտքը:
Գյուղացիները նշում էին, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ խոստումներ են լսել, վարչապետն էլ դեռ օգոստոսին էր ասում, որ մեկ շաբաթից հարցը կլուծվի, սակայն չլուծվեց:
«Ես ձեզ երբևէ խաբե՞լ եմ», - հակադարձեց մարզպետը:
Նա հավելեց, որ այս ամբողջ ընթացքում գրավ չունենալու պատճառով գործարանը չէր կարողանում մատչելի վարկեր վերցնել սակայն հարցը կարծես թե լուծվել է, և կառավարությունը խոստանում է, որ երաշխավորներ կգտնվեն ու գումարի հարցը կլուծվի:
«Վեդի ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանն իր հերթին նշեց, որ այս ամբողջ ընթացքում հավատալով գյուղնախարարության խոստմանը՝ ինքը վարկի է սպասել: Նա հավելեց, որ ի սկզբանե էլ զգուշացրել է, որ խաղողը ստիպված է մթերում ու գումարը չի կարողանալու տալ:
Գյուղացիներից ոմանք հորդորում էին չհավատալ խոստումներին, այդուհանդերձ նրանք որոշեցին բացել դպրոցի մուտքը ևս և 15 օր էլ սպասել:
Հիշեցնենք, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները այսօր առավոտյան փակել էին դպրոցի մուտքը: Պատճառն այն է, որ արդեն տասն ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում: