«Արևմուտքը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու համար որևէ իրավական խնդիր չունի»։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ տեղի է ունեցել միջագզային նորմերին համապատասխան», - պնդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Ավելին՝ Լավրովի խոսքով, Ղրիմի բնակչությունն ընդամենն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1970-ին ընդունված հռչակագրում։ Ընդ որում, ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը հիշեցնում է, որ նույն հռչակագրի հեղինակները չեն մոռացել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ «Պարզապես, պետությունն աջակցության իրավունք ունի այն դեպքում, երբ ապահովում է բնակչության ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարը։
Ուկրաինան, Լավրովի կարծիքով, Ղրիմի բնակչությանը զրկել էր այդ իրավունքից, և այդ պատճառով Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական է։ Ղրիմի մասին իր խոսքում Լավրովը նաև որոշ համեմատություններ է արել Կոսովոյի հետ, նշելով՝ «Մեր արևմտյան գործընկերները հրաժարվում են Կոսովոյի հետ զուգահեռներից, դրանցից փախչում են, ինչպես սատանան՝ խաչից: Ասում են, որ Կոսովոյի դեպքն առանձնահատուկ է, թեև անկախության հռչակման ժամանակ Կոսովոյում որևէ հանրաքվե չի անցկացվել, այնտեղ բնակվող ալբանացիներին էլ չէր սպառնում ֆիզիկական ոչնչացման վտանգը»:
МГИМО – ում Լավրովը նաև Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններին է անդրադարձել՝ ասելով, թե անվտանգության հարցերում Արևմուտքը բազմիցս խախտել է իր պարտավորությունները: «Դրա համար այդ հարաբերությունները չեն կարող լինել նախկինի պես»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների առնչությամբ էլ Լավրովն ասել է՝ երկրագնդի բնակչության 80 տոկոսը կիսում է Ռուսաստանի մոտեցումը և պետք չէ այդ պատժամիջոցների համատեքստում խոսել Ռուսաստանի միջազային մեկուսացման մասին: Հանդիպման վերջում Ռուսաստանի արտգործնախարարը ուսանողների հետ երգել է իր իսկ հեղինակած խոսքերի հիման վրա ստեղծված՝ МГИМО-ի օրհներգը: