Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը

Աղավնաձորցիների բողոքի ակցիան, 1-ը սեպտեմբերի, 2016թ․

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին չեն կարողանում սկսել՝ դպրոցը չի բացվում, քանի որ գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն տասն ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում:

Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Լուծումը չտեսնելով՝ աղավնաձորցիները այս քայլին են դիմել:

Գյուղացիները նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է:

Դպրոցի մոտ ոստիկաններ են եկել, ավելի ուշ ժամանեց նաև Վայոց ձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Այստեղ է նաև գյուղապետը, ով նշում է, որ իրենք փորձել են այս ամիսների ընթացքում խնդիրը լուծել, սակայն այդպես էլ լուծում չի եղել:

Այլ պաշտոնյաներից արձագանք դեռ չկա:

Մանրամասները տե՛ս այստեղ