Հայկական կողմը «սադրանք» է համարում ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները

Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը «սադրանք» է որակում երեկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Նախիջևանում հայկական կողմի կրակոցից Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել։

Այդ տեղեկությունն, ի դեպ, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցամբ, հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա սադրանք է։ Կամ դա եղել է ինքնասպանություն, կամ Ադրբեջանի ԶՈւ-ում միջանձնային հարաբերությունների հետևանք, սակայն դա բարդվում է Հայաստանի վրա, ու այդպիսով լարում են իրավիճակը»։

Թեև ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ սպանված զինծառայողը 19 տարեկան է՝ Ադրբեջանի Շամխորի շրջանի Թաթարկենդ գյուղից, այդ երկրի պաշտպանության նախարարությունը, ըստ «ԱՊԱ»-ի, այսօր հայտարարել է՝ «Որոշ լրատվամիջոցներում Շամխորի շրջանից զորակոչված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուի՝ թշնամու կրակոցից զոհվելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, միջադեպի առիթով Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, այժմ ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին էլ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը պակասել է, այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից։ Անկանոն կրակոցներին մենք չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի լարվածություն չարձանագրվի։ Բայց, այնուամենայնիվ, ԶՈւ ոլորտում միշտ էլ գործողությունները փոթորկի նման են։ Մենք միշտ էլ մեր զգոնությունը պահում ենք և պատրաստ ենք տարբեր փոթորիկների դիմագրավելու»,- հավելել է Օհանյանը։