ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը՝ այն որակելով սադրիչ

ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունը, համաձայն որի՝ օգոստոսի 30-ին ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող:

Ադրբեջանական haqqin.az, politika.az, meydan.tv և այլ լրատվամիջոցների տարածած սադրիչ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում», - շեշտում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս այսօր ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հերքել է տեղեկատվությունը, թե զինվոր Վյուսալ Գամբարովը սպանվել է հայկական կողմի արձակած կրակոցից: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ զինծառայողի մահվան փաստով զինդատախազությունը քրեական գործ է հարուցել, իրականացվում է քննություն:

Տվյալ թեմայով տե՛ս նաև այստեղ