Գագիկ Մելիքյան․ Ռուսաստանի քաղաքացու հետ կապված խնդիրը «պետք չէ քաղաքականացնել»

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ դատարանի որոշմամբ ազատ արձակված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Ազատությունը» զրուցել է Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում Հայաստանը ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի՝ հաշվի առնելով, որ եթե արտահանձնում է, ապա կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ, եթե չի արտահանձնում, ապա խնդիրներ կարող է հարուցել Միացյալ Նահանգները, ով բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացնում Ռուսաստանի տվյալ քաղաքացուն:

Մելիքյան․ - Նախ ասեմ, որ միջազգային իրավունքի նորմերին հակասող ցանկացած որոշում մեր երկիրը չի կարող իրականացնել և եթե հիմնավոր պատճառներ կան, իրոք այն մեղադրանքները, որ տարբեր երկրների կողմից հետախուզում հայտարարածների նկատմամբ իրականացնում է «Ինտերպոլի» միջոցով, ապա ցանկացած երկիր պարտավոր է միջազգայնորեն ստանձնած իրենց պարտավորությունները կատարել անկախ նրանից, թե դա որ երկրի քաղաքացի է:

Սա պետք չէ քաղաքականացնել, խնդիրը իրավական դաշտում է և կարծում եմ, որ մեղադրանք առաջադրող երկիրը «Ինտերպոլում», ինչպես նաև մեղադրանքը պաշտպանող երկիրը, ում քաղաքացին որ հանդիսանում է տվյալ անձնավորությունը, պարտավոր են իրենց մեջ նաև այդ խնդիրները կարգավորել և լուծում տալ:

«Ազատություն»․ - Միացյալ Նահանգները և Ռուսաստա՞ն տիրույթում է, նրա՞նք պետք է որոշեն այս հարցը:

Մելիքյան․ - Հարցը քաղաքական չէ, հարցը իրավական է և կարծում եմ, որ իրավական հիմքեր պարտադիր կարգով հետախուզում հայտարարող երկիրը պետք է ներկայացնի դատական համակարգին:

«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Հայաստանի վրա անկախ այն ապացույցներից, որոնք կներկայացնի Միացյալ Նահանգները:

Մելիքյան․ - Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նաև հիմնավորումներ կարող է ներկայացնել, որ այն մեղադրանքները, որ ներկայացված են իր քաղաքացիների նկատմամբ տարբեր երկրների կողմից, կարող է նաև հիմնավորվել մեղադրանքների ոչ հիմնավոր լինելը:

«Ազատություն»․ - Դուք կարծում եք Հայաստանը միայն իրավական և ոչ թե քաղաքական որոշում է կայացնելու:

Մելիքյան․ - Ես կարծում եմ, որ խնդիրը միմիայն իրավական դաշտում է և որևէ քաղաքական որոշում այս պարագայում չի կարող լինել:

«Ազատություն»․ - Արդեն տեսակետներ են հնչում, թե ինչու է սա քաղաքական և որ ճնշումներ են նաև եղել հենց Ռուսաստանի դեսպանատան կողմից, որպեսզի չկալանավորեն Սերգեյ Միրոնովին: Օրինակ են բերում Սարի թաղի դեպքերը, երբ հասարակական կարգի խախտման կամ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մարդկանց միանգամից կալանավորում են, իսկ Ռուսաստանի քաղաքացուն, ում բազմաթիվ հոդվածներով կասկածներ են ներկայացվում՝ նրան չեն կալանավորում:

Մելիքյան․ - Չեմ կարծում, որ այստեղ որևէ ճնշում ընդհանրապես կա: Իհարկե, տվյալ երկրի իշխանությունները պարտավոր են իրենց քաղաքացու կյանքով, անձով հետաքրքրվել: Ես դա դրական եմ համարում: Մենք նույնը կանեինք մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, երբ այլ երկրներում․․․

«Ազատություն»․ - Երբևէ եղե՞լ է դեպք, որ մենք Ռուսաստանում դիմենք, որպեսզի մեր քաղաքացու խափանման միջոցը փոխվի:

Մելիքյան․ - Իհարկե, եղել է: Վերջերս նույնպես եղել էր վարորդի հետ կապված: Շատ դեպքեր են եղել: Ոչ միայն խափանման միջոցը փոխելու, այլ՝ ընդհանրապես, արտահանձնման հետ կապված:

«Ազատություն»․ - Որ մինչև օրս չի լուծվել։

Մելիքյան․ - Նմանատիպ հարցեր այնքան են բարձրացվում, որոնց մի մասը լուծվում է օրենքի շրջանակներում, մի մասը չի լուծվում՝ էլի օրենքի շրջանակներում: Այնպես որ դա չպետք է երբևէ քաղաքականացվի: